Մարտունու համայնքապետարանը հայտարարել է համայնքի զինանշանի և դրոշի մրցույթ

Մարտունու համայնքապետարանը հայտարարել է համայնքի զինանշանի և դրոշի մրցույթ

ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանը  հայտարարել է համայնքի զինանշանի և դրոշի մրցույթ: Ինչպես տեղեկանում ենք համայնքապետարանից, Մարտունի համայնքի զինանշանի և դրոշի ստեղծման մրցույթներին կարող են մասնակցել բոլոր ստեղծագործող անձինք: 

«Զինանշանի էսքիզները պետք է ներկայացվեն սև-սպիտակ և գունավոր տարբերակներով, թղթի կամ ստվարաթղթի վրա՝ և բացատրագիր`մեկ էջի սահմաններում:  Դրոշի էսքիզները պետք է ներկայացվեն գունավոր տարբերակներով, թղթի կամ ստվարաթղթի վրա՝ համապատասխան բացատրագրով։ Սահմանվում է մեկ առաջին մրցանակ` 100 000  դրամի չափով։ Զինանշանը պետք է համապատասխանի հերալդիկայի կանոններին, միաժամանակ զինանշանը և դրոշը պետք է արտացոլեն Մարտունու տարածաշրջանի պատմա-աշխարհագրական նկարագիրը, նյութական և ոչ նյութական ժառանգությունը, ժողովրդի արարող և ստեղծագործող ոգին»,- նշված է Մարտունու համայնքապետարանի տարածած հաղորդագրությունում: Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են մինչև 2023 թվականի սեպտեմբերի 1-ը։