Հայաստանը հատել է զբոսաշրջային այցելության 1 մլն-ի շեմը

Հայաստանը հատել է զբոսաշրջային այցելության 1 մլն-ի շեմը

Հայաստան ընթացիկ տարվա առաջին կիսամյակում արդեն այցելել է ավելի քան 1 մլն զբոսաշրջիկ։ Այս ցուցանիշը, 2019 թվականի առաջին կիսամյակի համեմատ, 30 տոկոսով ավելի է։ Դեպի Հայաստան ամենաշատ այցելությունները եղել են Ռուսաստանից՝ 52 տոկոս, Վրաստանից՝ 11 տոկոս, Իրանից՝ 6 տոկոս։ Այս մասին Արմենպրեսի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը: 

«Հայաստանն ակտիվ մասնակցություն է ունենում միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին, Զբոսաշրջության կոմիտեն աշխատում է ավիաընկերությունների հետ, կազմակերպում է լրագրողների, բլոգերների այցեր Հայաստան։ Մենք աշխատում ենք ամենատարբեր ուղղություններով։ Մեր ուշադրության առանցքում են եվրոպական, արաբական երկրները։ Ակտիվ աշխատում ենք Իտալիայի, Ֆրանսիայի հետ։ Առաջիկայում մասնակցելու ենք Ֆրանսիայում կայանալիք միջազգային ցուցահանդեսին։ Հիմա գտնվում ենք զբոսաշրջիկային սեզոնի ակտիվ փուլում, այցելությունների դինամիկան այսպես պահպանվելու դեպքում ակնկալում ենք, որ տարվա վերջին 2 մլն այցելություն կունենանք»,- նշեց Սիսիան Պօղոսեանը։

Զբոսաշրջության կոմիտեի նախագահի խոսքով՝ որոշ եվրոպական երկրներ Հայաստանը չեն դիտարկում անվտանգ երկիր և խորհուրդ չեն տալիս իրենց քաղաքացիներին այցելություն կազմակերպել այդ ուղղությամբ։ Սիսիան Պօղոսեանը տեղեկացրեց, որ ԱԳՆ-ի հետ աշխատում են այդ ուղղությամբ, հանդիպումներ են անցկացնում նաև դեսպանությունների հետ։

 «Որպես օրինակ՝ ներկայացնեմ Գերմանիան։ Իրենց կայքում արդեն փոխել են մոտեցումը, բայց դեռ ունենք այլ եվրոպական երկրներ, որտեղ այդ խնդիրը կա և աշխատում ենք այդ ուղղությամբ»,-եզրափակեց Սիսիան Պօղոսեանը։ 

Աղբյուրը՝  shabat.am