Անտարբեր վերաբերմու՞նք, թե՞ սև շուկայի ակամա խրախուսում

Օրերս Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) իր պաշտոնական կայքում հայտարարեց սեպտեմբերին կայանալիք Հայաստան- Խորվաթիա ֆուտբոլային հանդիպման տոմսերի վաճառքի մասին։ Տոմսերի վաճառքը տևեց 5 օր, որից հետո հայտարարվեց տոմսերի «Sold out»-ի մասին։
Ի՞նչ կատարվեց այդ 5 օրվա ընթացքում
Վաճառքի մեկնարկը տրվեց հուլիսի 3-ին, սակայն երկրպագուների տեղատարափի պատճառով (շուրջ 5000 երկրպագու միաժամանակ գտնվում էր կայքում) այդ նույն օրը կայքը դադարեցրեց աշխատանքը ` չկարողանալով շարունակել վաճառքը։
3 օր անց ֆեդերացիան հայտարարեց կայքում վերսկսված վաճառքի մասին, սակայն այս անգամ էլ ամեն ինչ «հարթ» չընթացավ։Կայքն աշխատում էր ընդհատումներով, ինչի պատճառով երկրպագուները տոմսեր չէին կարողանում գնել։
Դժգոհության պատճառները
Արդեն նշեցինք կայքի խափանման մասին։ Կարծես դա պետք է լիներ հայ երկրպագուների գլխավոր դժգոհության պատճառը։ Սակայն այս ամենը դեռ վերջը չէր։ Անտրամաբանության սկիզբ էր։ Խաղից մոտ 2,5 ամիս շուտ սկսված տոմսերի վաճառքը երկրպագուների մոտ սպասելիորեն առաջացրեց հարցերի շարք, որոնք ամենայն հավանականությամբ կմնան անպատասխան։ Ամենահաճախ հնչող հարցերից էր, թե «ինչու՞ այդքան շուտ», «արդյո՞ք հնարավոր չէ՞ր սպասել գոնե ևս մեկ ամիս»։ Երկրպագուների արձագանքները բնական էին․ երկու ամիս առաջ մարդիկ չեն կարող հստակ կանխատեսել՝ կկարողանա՞ն ներկա գտնվել այդ խաղին, թե՞ ոչ։ Շուտ վաճառքը հանգեցրեց հաջորդ դժգոհությանը՝ սև շուկայի ակտիվացման պատճառով։
Վաճառքն ավարտվեց, բայց տարբեր սոցիալական հարթակներում վերավաճառողները սկսեցին իրենց ակտիվ գործունեությունը։ 1000 դրամ արժողությամբ տոմսերի գինը բարձրացավ շուրջ 15 անգամ` հասնելով 15 000 դրամի։
Ի դեպ, այս տարի սա վերավաճառքի առաջին դեպքը չէ։ Նույն ճակատագրին արժանացան Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերը։ Սակայն տարբերությունն այն է, որ այդ հանդիպումների տոմսերի վաճառքն աննախադեպ շուտ չէր սկսվել։
Փոքր մարզադաշտ` մեծաքանակ երկրպագուներ
Վ. Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտը կարողանում է ընդունել 14.403 հանդիսական։ Վերջին տարիներին պարզ դարձավ, որ այդքանը բավարար չէ որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան ներկա գտնվել։ Հավաքականի հանդիպումները մեծամասամբ անցնում են լեփ-լեցուն մարզադաշտում։ Հետևաբար` կարիք կա նոր մարզադաշտ կառուցելու, կամ էլ վերակառուցել «Հրազդանը» (այն կարողանում է 54.208 հանդիսական տեղավորել)։
Այս ամենը չի կարելի աչքաթող անել, և նման սխալները չպետք է ազդեն Հայաստանի հավաքականի աջակցության վրա։ Պետրակովի գլխավորած հավաքականն ունի ռեալ շանսեր մասնակցելու «Եվրո 2024»-ին։ Այս կարևոր պահին լինենք մեր ազգային հավաքականի կողքին։
Աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ