2022-ին ՀՀ տնտեսական աճը կազմել է 12.6 տոկոս, որն աշխարհում 4–րդ ամենաբարձր ցուցանիշն է. Քերոբյան

2022-ին ՀՀ տնտեսական աճը կազմել է 12.6 տոկոս, որն աշխարհում 4–րդ ամենաբարձր ցուցանիշն է. Քերոբյան

2022 թվականին ՀՀ տնտեսական աճը կազմել է 12.6 տոկոս, որն աշխարհում 4–րդ ամենաբարձր ցուցանիշն է։ Այս մասին ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում կայացած «Իննոպրոմ–2023» արդյունաբերական-նորարարական ցուցահանդես-ֆորումում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Ըստ նրա` այս տարի ևս մեր երկիրը տնտեսականն ոչ պակաս արագ տեմպերով է առաջ գնում` առաջին հինգ ամսվա ընթացքում արդեն իսկ գրանցել է 12.5 տոկոս աճ։

«Այն բարեփոխումները, որոնք անցած հինգ տարվա ընթացքում իրականացրինք բիզնես միջավայրի բարելավման համար, տալիս են իրենց արդյունքները։ Մենք բավական շատ կառուցողական բարեփոխումներ ենք իրականացրել նաև կոռուպցիայի դեմ պայքարում, արդարադատության համակարգի բարելավման ուղղությամբ», – ասել է Քերոբյանը։

Նա հիշեցրել է, որ Հայաստանում հիմնադրված ՏՏ չորս ընկերություն արդեն դարձել են այսպես կոչված միաեղջյուր, այսինքն՝ դրանց կապիտալիզացիան գերազանցել է 1 մլրդ դոլարը: Անցած տարի Հայաստանում բացվել է 12 հազար ընկերություն, որոնց մի մասը օտարերկրյա կապիտալ է ունեցել։ Արդյունքում, ըստ նրա, անցած տարի օտարերկրյա ուղիղ ներդրումների ծավալը կազմել է 1 մլրդ դոլար։ Քերոբյանի վստահեցմամբ` սա ռեկորդային ցուցանիշ է. այն կազմում է ՀՆԱ–ի ավելի քան 5 տոկոսը։

«Ինչ վերաբերում է ներդրումների ծավալին, ապա այն կազմում է 4.5 մլրդ դոլար, որը ՀՆԱ–ի 22 տոկոսն է։ Նաև ունենք բազմաթիվ ծրագրեր, որոնք իրականացման ճանապարհին են», – ընդգծել է նախարարը։