Հուլիսի սկիզբն աշխարհի դիտարկումների պատմության մեջ ռեկորդային թեժ է եղել

Հուլիսի սկիզբն աշխարհի դիտարկումների պատմության մեջ ռեկորդային թեժ է եղել

Դիտարկումների պատմության մեջ ռեկորդային բարձր ջերմաստիճանը Երկրի վրա գրանցվել է հուլիսի առաջին շաբաթվա ընթացքում։ Հուլիսի 4-ին և 7-ին միջին ջերմաստիճանը կազմել է մոտ 17,2 աստիճան Ցելսիուս, ինչը 0,3 աստիճանով գերազանցում է նախորդ ռեկորդը, որը սահմանվել էր 2016 թվականի օգոստոսին, երկուշաբթի օրը հայտնել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (WMO), որը ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունն է:

«Աշխարհի տարբեր մասերում մեր գործընկերների գնահատականների համաձայն՝ հուլիսի առաջին շաբաթվա ընթացքում սահմանվել է գլոբալ ջերմաստիճանի օրական ռեկորդ», - Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է WMO կլիմայի մոնիտորինգի ղեկավար Օմար Բադդուրը: WMO-ն այժմ ուսումնասիրում է կլիմայի փոփոխության եվրոպական ծառայության Copernicus-ի, ինչպես նաև ԱՄՆ Օվկիանոսների և մթնոլորտի ազգային վարչության (NOAA), Ճապոնիայի և այլ աղբյուրների տվյալները: «Մենք եզրակացրինք, որ ռեկորդը գերազանցվել է հուլիսի 4-ին և 7-ին, երբ ջերմաստիճանը մոտ 17,2 աստիճան էր», - նշել է Բադդուրը: Նա հիշեցրել է, որ նախորդ ռեկորդը՝ 16,9 աստիճան Ցելսիուս, գրանցվել է 2016 թվականի օգոստոսին, երբ տեղի է ունեցել Էլ Նինյո բնական երեւույթը, որը հայտնի է իր տաքացնող ազդեցությամբ։

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ WMO բաժնի ղեկավարը պարզաբանել է, որ նախնական հաշվարկներով՝ հուլիսի 7-ին գրանցված ջերմաստիճանը «առնվազն 0,01 աստիճանով բարձր է եղել, քան հուլիսի 4-ի ջերմաստիճանը»։ Անդրադառնալով Էլ Նինոյի ներկայիս բնական երևույթի ազդեցությանը մոլորակի ջերմաստիճանի վրա՝ Բադդուրը նշել է, որ ջերմաստիճանի ռեկորդները, ամենայն հավանականությամբ, կարող են սահմանվել 2024 թվականին, «եթե Էլ Նինիոյի ուժգնությունը շարունակի աճել այնպես, ինչպես այժմ կանխատեսվում է»։

Իր հերթին, WMO կլիմայի հետազոտական ​​ծրագրի ղեկավար Մայքլ Սփերոուն ուշադրություն է հրավիրել հունիսին Անտարկտիդայում ծովային սառույցի տարածքի ռեկորդային կրճատման վրա. այն միջինից 17%-ով պակաս է եղել: «Մենք սովոր ենք, որ ծովի սառույցը փոքրանում է Արկտիկայում, ոչ թե Անտարկտիդայում», - ասաց նա: Նա ասում է, որ ոչ միայն ջերմաստիճանը բարձրանում է ցամաքում, այլ նաև օվկիանոսը տաքանում է՝ «ներծծելով էներգիա, որը կմնա այնտեղ հարյուրավոր տարիներ»։

Անցյալ շաբաթ Copernicus ծառայությունը գրանցել է աշխարհում ամենաթեժ հունիսը, որը գրանցվել է պատմության ընթացքում: Ինչպես հուլիսի 6-ին հայտնել է WMO-ն՝ հղում անելով ծառայությանը, «հունիսը եղել է ռեկորդային ամենաշոգը՝ ծովի մակերևույթի աննախադեպ ջերմաստիճանով և Անտարկտիդայում սառույցի ռեկորդային ցածր ծածկույթով»:

Աղբյուրը՝   news.am