Տեղի է ունեցել Շիրակի մարզի խորհրդի հերթական նիստը

Տեղի է ունեցել Շիրակի մարզի խորհրդի հերթական նիստը
Հուլիսի 11-ին տեղի է ունեցել Շիրակի մարզի խորհրդի 2023 թվականի հերթական նիստը, համայնքների ղեկավարներից զատ նիստին մասնակցել են ուժային կառույցների, առողջապահական հաստատությունների ղեկավարներ։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից։
 
Մարզխորհրդի նիստի մեկնարկին Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն անդրադարձել է տեղի ունեցած կադրային փոփոխություններին՝ նշելով, որ Շիրակի մարզպետի աշխատակազմում իրականացվել է վերակազմակերպման և կառուցվածքային փոփոխության գործընթաց, համաձայն որի 14 կառուցվածքային ստորաբաժանումները միաձուլվել և անվանափոխվել են, ինչի արդյունքում ստեղծվել են նոր 10 կառուցվածքային ստորաբաժանումներ՝ 7 վարչություններ և 3 բաժիններ, բոլոր աշխատակիցները վերանշանակվել են նոր պաշտոնների:
 
 
Մարզխորհրդի օրակարգային առաջին հարցը վերաբերվել է մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների 2023 թվականի 1-ին կիսամյակի կատարմանը, որը զեկուցել է աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը։
 
Ըստ այդմ, հունիսի 30-ի դրությամբ համայնքների բյուջեների սեփական եկամուտները կատարվել է 95.5 տոկոսով, հողի և գույքի վարձակալության գումարները գանձվել են 80․9 տոկոսով, փոխադրամիջոցներից գույքահարկը՝ 92․2։
 
Մարզպետն անդրադառնալով սեփական եկամուտների կատարողականին՝ ընդգծել է, որ այս հարցում առավել խիստ է լինելու և որևէ թերացում չի ընդունելու․ «Առիթ ունեցել եմ ասելու՝ կրկնվեմ՝ սեփական եկամուտների հավաքագրումը համայնքների ղեկավարների ուղիղ պարտականությունն է և թերացումը նախ նշանակում է աշխատանքում թերանալ և, բնականաբար, համայնքներում նախանշված ծրագրերի ընթացքի դանդաղեցում։ Դրա համար ևս մեկ անգամ բոլորիդ հորդորում եմ՝ եղեք առավել նախաձեռնողական ու զգոն»։
 
 
Մարզի համայնքներից սեփական եկամուտներն ամենաբարձրը կատարել է Արթիկը՝ 100․7 տոկոս, Գյումրին՝ 97․2, ամենացածրը սեփական եկամուտները կատարել է Անի համայնքը՝ 68․9 տոկոս, չնայած որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 10 տոկոսի աճ է գրանցվել։
 
Քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Խաչատուր Խնձրցյանն անդրադարձել է 2023 թվականի ընթացքում մարզում նախատեսված կապիտալ շինարարության ծրագրերին: 2023 թվականին նախատեսվում է շուրջ 23 մլրդ 335 մլն դրամ գումարի կապիտալ ներդրում՝ տարեսկզբի համեմատությամբ 1 մլրդ 235 մլն-ով ավելի։ 13 մլրդ 500 մլն դրամ գումար կուղղվի ճանապարհաշինությանը, 3 մլրդ 600 մլն դրամ բնակարանաշինության։
Օրակարգային հաջորդ հարցը վերաբերվել է 2023 թվականի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի ընթացքին և 2024 թվականի համար ներկայացված հայտերին։ Մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Կարեն Բադիշյանի զեկույցի համաձայն, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացվել 32 տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի ամբողջական փաթեթ՝ 130 ենթածրագրերով, որից հաստատվել է 27 ծրագիր 108 ենթածրագրերով։Ծրագրերի ընդհանուր նախահաշվային գումարը կազմել է 7 մլրդ 568 մլն դրամ, որից ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորման չափաբաժինը՝ 3 մլրդ 937 մլն դրամ (52%), համայնքի բյուջեի ֆոնդային մասը՝ 3 մլրդ 542 մլն դրամ (46.8%) և այլ ներդրողներ 89 մլն դրամ (1.2%)։
 
«Պետություն-համայնք համագործակցությունն իրապես ստացվել է սուբվենցիոն ծրագրերի շնորհիվ, մնում է ձեզ, համայնքների հարգելի ղեկավարներ, լինել առավել ուշադիր, նախաձեռնող, որպեսզի ավելի շատ ծրագրեր իրականացվեն և ավելի շատ լինի բնակավայրերի ընդգրկվածությունը»։
 
Նշենք, որ 2024 թվականի համար ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացվել 41 տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրային հայտեր՝ 188 ենթածրագրերով։ Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 13 մլրդ 855 մլն դրամ, որից ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորման չափաբաժինը կազմել 7 մլրդ 238 մլն դրամ (52%)։
 
Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Արամ Անտոնյանի զեկույցն առնչվել է մարզի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններին վերաբերող առանձին հարցերի և իրականացված աշխատանքներին։ Անդրադարձ է կատարվել համայնքներում առկա, համայնքի սեփականություն համարվող, սակայն մինչև օրս պետական գրանցում չստացած գույքի և մեքենասարքավորումների պատշաճ հաշվառմանն ու գրացմանը, համայնքների կողմից վարվող համացանցային կայքերում առկա տեղեկատվության որակին և օպերատիվությանը, համայնքներ ուղարկված գրություններին սահմանված ժամկետում պատասխանելուն։
 
Օրակարգային հաջորդ հարցը գյուղատնտեսական աշխատանքների և ոռոգման կազմակերպման ընթացքին է վերաբերվել, ըստ գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Ռոման Համայակյանի զեկույցի ոռոգման շրջանում լուրջ խնդիրներ չեն առաջացել, իսկ բերքի տակ կատարվել է շուրջ 17455 հա աշնանացան ցորենի ցանք, որը նախորդ տարվանից ավելի է 4783 հա-ով: Աշնանացան ցորենի ցանքատարածության աճին նպաստել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի պետական աջակցության» ծրագիրը։
 
2023 թվականի առաջին կիսամյակում մարզի առողջապահության ոլորտում կատարված աշխատանքների մասին էլ զեկուցել է առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետի պարտականությունները կատարող Լեյլի Ասլանյանը։ 2023 թվականի հուլիսի 1-ի դրությամբ վճարովի ծառայությունների դիմաց ստացված եկամուտների գումարը կազմել է 625 մլն 316 հազար դրամ, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ գումարն ավելացել է 87մլն 670 հազար դրամով: 2023 թվականի 1-ին կիսամյակում ստացվել է ՀՀ վարչապետին ուղղված և ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ վերահասցեագրված, ինչպես նաև ՀՀ Շիրակի մարզպետին ուղղված ընդհանուր թվով 870 քաղաքացու դիմում։ Շիրակի մարզպետի որոշումներով ֆինանսական օգնություն է ստացել 466 քաղաքացի։ Այլ բնույթի հարցերով գրավոր պարզաբանումներ է տրվել 118 քաղաքացու։ 2023 թվականի 1-ին կիսամյակում հաշվառվել է 3 խնամատար ընտանիք և 2 երեխա տրվել է խնամատարության։
Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը ներկայացրել է 2022-2023 թվականների ուսումնական տարվա ամփոփումն ու մարզում համահայկական խաղերի կազմակերպմանը վերաբերող հարցեր: Ըստ զեկույցի, օլիմպիադաների հանրապետական փուլերին մարզից մասնակցել է 151 աշակերտ, մեդալակիր աշակերտների թիվը 25-ն է։
Պարտադիր ատեստավորման մասնակցել է 1124 ուսուցիչ, կամավոր ատեստավորման 2022-ին մասնակցել է 137 ուսուցիչ։
Մարզպետը կարևորելով ուսուցիչների գիտելիքների շարունակական կատարելագործումը հորդորել է վերապատրաստումներին և ատեստավորումներին առավել ակտիվ մասնակցել։
 
Հրայր Կարապետյանի տեղեկացմամբ, Համահայկական ամառային 8-րդ խաղերի ուղղությամբ Շիրակի մարզում տարվող աշխատանքները լայն թափով ընթացքի մեջ են։ Խաղերի ծրագրում ընդգրկված 19 մարզաձևերի մրցումներից՝ Շիրակի մարզի համայնքների թիմերը կմասնակցեն 17-ին։ Շիրակի մարզի 6 համայնքների պատվիրակությունների անդամների ընդհանուր թիվը 405 է, որից 283-ը մարզիկներ։ Արդեն իսկ մեկնարկել են Գյումրու քաղաքային մարզադաշտի արևմտյան հատվածին հարակից տարածքի հիմնանորոգման աշխատանքները։
Վարժական հավաքների կազմակերպման գործընթացի մասին անդրադարձել է աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Մուշեղ Մարգարյանը՝ նշելով, որ կառավարության որոշմամբ հայտարարվել է վարժական հավաքներ՝ 2023 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 13-ը ներառյալ, պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ընդգրկմամբ։
 
Մուշեղ Մուրադյանը համայնքների ղեկավարներին հորդորել է ակտիվ մասնակցություն ունենալ վարժական հավաքներին և սերտ համագործակցել համապատասխան մարմինների հետ։