Սևան քաղաքում կառուցվում է երաժշտական դպրոցի նոր շենք

Սևան քաղաքում կառուցվում է երաժշտական դպրոցի նոր շենք
Սևան համայնքում համայնքապահպան ծրագրերի շարքը 2023թվականին լրացնում է Սևան քաղաքում երաժշտական դպրոցի նոր շենքի կառուցումը, որը տասնամյակներ շարունակ եղել է սևանցիների մեծագույն ցանկությունն ու համայնքային առաջնահերթություններից մեկը:
Տեղական իշխանությունը տարիներ շարունակ փնտրել է տարբերակներ, համագործակցային ուղղություններ երաժշտական դպրոցի շենքին երկրորդ շնչառություն տալու համար:
Սևան համայնքը` ի դեմս համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի, և «Հայաստան» համահայկական հիմնադրամի արդյունավետ համագործակցությունը տվեց ցանկալի արդյունք:
Շինարարական աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակման, մրցույթի անցկացման փուլին հաջորդել են շենքի կառուցման աշխատանքները:
Արդեն մեկնարկած կառուցման աշխատանքների արդյունքում դպրոցի շենքը լինելու է երկհարկանի /36.0x20.4մ արտաքին հատակագծային չափերով/, նախատեսված է համերգային դահլիճ, ունենալու է նկուղային հարկ: Դպրոցին հարող տարածքը ցանկապատվելու է, բարեկարգվելու, ապահովված է լինելու արտաքին լուսավորությամբ:
Ժամանակակից չափորոշիչներին համապատասխան դպրոցն ունենալու է ժամանակակից լուծումներով բոլոր պայմանները, կառուցվելու է ՀՀ-ում գործող շինարարական նորմերին և կանոններին համապատասխան, լինելու է սեյսմակայուն:
Սևան համայնքում Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի նոր շենքի կառուցումը ոչ միայն սպասված էր ու անհրաժեշտություն, այլ նաև դպրոցի հերթական հաջողությունների, թարմ շնչառության համար դառնալու է լավագույն մեկնարկ` ապահովելով երաժշտասեր երեխաների առավել մեծ հոսք: