Համայնքի ղեկավարը կրկին հանդիպեց բնակիչների հետ՝ նրանց խնդիրներին ծանոթանալու նպատակով

Համայնքի ղեկավարը կրկին հանդիպեց բնակիչների հետ՝ նրանց խնդիրներին ծանոթանալու նպատակով
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն այսօր աշխատանքային այց իրականացրեց Կաքավաձոր, Ագարակավան և Պարտիզակ բնակավայրեր։ Այցի նպատակը բնակավայրերում առկա խնդիրները դիտարկելը, բնակիչների հետ զրուցելը և նրանց խնդիրներին անձամբ ծանոթանալն էր։
Աշխատանքային շրջայցին մասնակցում էին նաև համայնքի ղեկավարի տեղակալ Սարգիս Ավետիսյանը և խորհրդական Սևակ Մանուկյանը, բնակավայրերի վարչական ղեկավարները։
Կաքավաձոր, Ագարակավան և Պարտիզակ բնակավայրերի վարչական ղեկավարները և բնակիչները համայնքի ղեկավարին և աշխատակիցներին ներկայացրին կոմունալ, ճանապարհաշինական, տրանսպորտային, առողջապահական և այլ բնույթի հարցեր։ Ներկայացված խնդիրները երկկողմ քննարկվեցին և պարզաբանվեցին, համայնքի ղեկավարը խնդիրների լուծման նպատակով տվեց հանձնարարականներ։
Կաքավաձոր բնակավայրում համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը ծանոթացավ նաև դեպի գերեզմանոց տանող ճանապարհի սալարկմամբ նորոգման աշխատանքների ընթացքին, զրուցեց ճանապարհաշինարարների հետ՝ պարզաբանելով աշխատանքին վերաբերող մի շարք հարցեր։
Համայնքի ղեկավարը ծանոթացավ նաև Ագարակավան բնակավայրի բուժկետի պայմաններին, առկա դեղորայքին, Պարտիզակ բնակավայրում հետևեց քիքբոքսինգի դասին և զրուցեց մարզիչի հետ, հետաքրքրվելով թե ինչ կարիքներ ունեն մարզումներն առավել հարմարավետ անցկացնելու համար։