Եթե հաշվի առնենք դրական սպասելիքները, հիմքեր կան ակնկալելու, որ տարին կավարտվի բարենպաստ․ տնտեսագետը՝ դրական տեղաշարժերի մասին

Եթե հաշվի առնենք դրական սպասելիքները, հիմքեր կան ակնկալելու, որ տարին կավարտվի բարենպաստ․ տնտեսագետը՝ դրական տեղաշարժերի մասին

Ընթացիկ տարվա հինգ ամիսների տնտեսական դրական զարգացումները արդեն իսկ հիմք էին տալիս ակնկալելու նաև պետական բյուջեի եկամուտների առավել բարձր մակարդակ՝ նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ։ Հինգ ամիսների կտրվածքով ունենք շուրջ 13 տոկոսանոց տնտեսական ակտիվության աճ, ինչն իր հերթին ենթադրում է համադրելի չափով եկամուտների աճ։ Այն, ինչ տեսնում ենք եկամուտների հավաքագրման մասով, դա տնտեսական դրական զարգացումների արտացոլումն է՝ դրանից բխող բարենպաստ հետևանքներով։  

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց տնտեսագետ Հայկ Բեջանյանը՝ մեկնաբանելով բյուջեի եկամտային մասի գերակատարման իրողությունը։

Ավելի վաղ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը կառավարության հերթական նիստում տեղեկացրել էր, որ 2023թ–ի պետական բյուջեի առաջին կիսամյակի եկամտային մասը գերակատարվել է շուրջ 50 մլրդ դրամով, ինչի արդյունքում 10 միլիարդ դրամով լրացուցիչ հարկային եկամուտների ծրագրային ցուցանիշների ավելացման հաշվին համալրվել է կառավարության պահուստային ֆոնդը: 

«Ընթացիկ տարվա առաջին կիսամյակը բարձր ցուցանիշներով ամփոփելն ըստ էության նշանակում է, որ տնտեսական զարգացումները կպահպանվեն նաև 2023 թվականի երկրորդ կեսին, հետևաբար դրական ազդեցություն կունենան նաև տարվա ամփոփ ցուցանիշի ձևավորման վրա։ Առաջին կիսամյակի բարձր ցուցանիշները բնականաբար տարեկան միջինի ձևավորման ուղիղ կեսն են, և եթե հաշվի առնենք դրական սպասելիքները, ապա հիմքեր կան ակնկալելու, որ տարին կավարտվի բարենպաստ նոտայով»,- ասաց Բեջանյանը։

Տնտեսագետի կարծիքով՝ երկնիշ տնտեսական աճի վերաբերյալ նույնպես կարող են լինել ակնկալիքներ, սակայն շատ ավելի կարևոր է ոչ թե ցուցանիշը, թիվը, այլ դրա բովանդակությունը, թե ինչպիսի կառուցվածք կունենա տնտեսական աճը, քանզի դրանից է կախված լինելու տնտեսական կայունությունն ու երկարատևությունը։

«Այդուհանդերձ բյուջեի եկամուտների գերակատարումը դեռևս չի նշանակում ամբողջ բյուջեի գերակատարում, որովհետև մի բան է եկամուտների հավաքագրումը, մեկ այլ բան՝ դրանց նպատակային ծախսումը։ Ծախսերը հիմնականում բաժանվում են երկու ուղղությամբ՝ ընթացիկ և կապիտալ։ Ճիշտ է, մենք ունենք եկամուտների աճ, և տարվա առաջին կիսամյակի համար պլամավորված էր շուրջ 119 միլիարդ դրամի դեֆիցիտ, այդուհանդերձ առաջին հինգ ամիսների արդյունքներով դեֆիցիտի փոխարեն ունենք շուրջ 100 միլիարդի դրական մնացորդ, ինչը ձևավորվել է մի կողմից կապիտալ ծախսերի զգալի թերակատարման արդյունքում, մյուս կողմից ընթացիկ ծախսերի թերակատարումներով», - նշեց տնտեսագետը։

Բեջանյանի դիտարկմամբ՝ պետական բյուջեի եկամուտների հավելաճը սովորաբար կառավարությանը տալիս է ավելի մեծ հնարավորություններ՝ նպատակասլաց ծախսային քաղաքականություն իրականացնելու համար։ Մեր պետության պատմության մեջ երկնիշ տնտեսական աճի ժամանակաշրջանում մենք նաև նախադեպ ենք ունեցել, երբ տարվա ընթացքում վերանայվել է ամբողջ պետական բյուջեի ծախսային բաղադրիչը, և նոր ծախսային բյուջե է հաստատվել։ Դրական զարգացումները պետք է կառավարությանը հիմք տան, որ մեծացնի կապիտալ ծախսերի ծավալը ոչ միայն ծրագրային պլանավորման մասով, այլև դրանց փաստացի իրականացմամբ։

«Եթե գրանցվի որակական ու երկարաժամկետ տնտեսական աճ, ապա կարելի է մտածել նաև ընթացիկ ծախսերի ավելացման մասին, ինչն իր հերթին դրական ազդեցություն կունենա ազգաբնակչության բարեկեցության վրա։ Դրա առաջին բաղադրիչը 2023 թվականի հունվարի 1-ից պետական ծառայողների աշխատավարձերի բարձրացումն է, երկրորդ բաղադրիչը տարվա սկզբից իրականացվող կենսաթոշակային բարելավումներն են, և երրորդ բաղադրիչը միջին ամսական աշխատավարձի բարձրացումն է, ինչն ըստ էության վկայում է կենսամակարդակի դրական աճի մասին», - նշեց տնտեսագետը։

Բեջանյանը հավելեց, որ մնացած գնահատականները հնչեցնելու համար պետք է սպասել վիճակագրական կոմիտեի կողմից ավելի մանրամասն հաշվետվություններին, որոնք թույլ կտան գնահատել ինչպես աղքատության մակարդակի փոփոխությունը երկրում, այնպես էլ եկամտային բաշխվածությունն՝ ըստ բնակչության տարբեր խմբերի։