Tesla-ն ներդրումային առաջարկ է ուղարկել Հնդկաստանի կառավարությանը

Tesla-ն ներդրումային առաջարկ է ուղարկել Հնդկաստանի կառավարությանը

Tesla-ն ներդրումային առաջարկ է ուղարկել Հնդկաստանի կառավարությանը՝ իր մեքենաների արտադրությունը երկրում տեղակայելու համար: Բանակցությունները շարունակվում են։ Այս մասին հայտնում է The Times of India-ն։

«Tesla-ն մեզ հավակնոտ ծրագիր է առաջարկել, և մենք վստահ ենք, որ այս անգամ բանակցությունները հաջող կլինեն, հատկապես հաշվի առնելով, որ ընկերության առաջարկը ներառում է արտադրության տեղայնացում և արտահանում», – ասել է Հնդկաստանի կառավարության ներկայացուցիչը:

Հնդկաստանի կառավարության անունից բանակցություններ է վարում առևտրի և արդյունաբերության նախարարությունը։ Հրատարակության տվյալներով՝ Tesla-ն առաջարկում է գործարան կառուցել, որը տարեկան կարտադրի 500 հազար մեքենա։ Արտադրված մոդելների նվազագույն արժեքը կկազմի մոտ 25 հազար դոլար։

Նախկինում Tesla-ն փորձել է նվազեցնել էլեկտրական մեքենաների ներմուծման մաքսատուրքը Հնդկաստան, սակայն Նյու Դելին հրաժարվել է, և ընկերությունը ժամանակավորապես հրաժարվել է իր արտադրանքը երկիր արտահանելու ծրագրերից:

Մայիսին Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը The Wall Street Journal-ին տված հարցազրույցում ասել էր, որ Հնդկաստանը կարող է հետաքրքիր վայր լինել ընկերության նոր գործարանն արտասահմանում կառուցելու համար, նշելով, որ որոշումը կկայացվի մինչև 2023-ի վերջ:

Հունիսին Մասկը Վաշինգտոնում հանդիպեց Հնդկաստանի վարչապետին, իսկ հանդիպման ավարտին նա վստահություն հայտնեց, որ Tesla-ն կհայտնվի Հնդկաստանում, և դա տեղի կունենա հնարավորինս արագ։

Աղբյուրը՝   b24.am