Գեղարքունիքում ընթացքի մեջ են անասնաբուժասանիտարական, հակահամաճարակային և խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման աշխատանքները

Գեղարքունիքի մարզի անասնապահական տնտեսություններում շարունակվում են անասնաբուժասանիտարական, հակահամաճարակային և խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման աշխատանքները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը, 2023 թվականի հուլիսի 12-ի դրությամբ մարզի համայնքներում կատարվել են պատվաստումներ բրուցելյոզ, դաբաղ, սիբիրախտ, էմկար, դաբաղ Sat-2 հիվանդությունների նկատմամբ։ Խոշոր եղջերավոր անասունների շրջանում բրուցելյոզ հիվանդության դեմ կատարվել է 40 հազար 188 գլխի պատվաստում, դաբաղ հիվանդության դեմ՝ 115 հազար 699 գլխի պատվաստում, սիբիրախտ հիվանդության դեմ՝ 104 հազար 245 գլխի պատվաստում և դաբաղ Sat-2 հիվանդության դեմ՝ 99 հազար 797 գլխի պատվաստում։ Մանր եղջերավոր կենդանիների շրջանում կատարվել է բրուցելյոզի 35 հազար 952, սիբիրախտի 35 հազար 618, դաբաղ Sat-2-ի 70 հազար 12 պատվաստում։ Սիբիրախտի դեմ պատվաստվել է 1562 գլուխ ձի։
Մարզի համայնքներում 2023 թվականի հուլիսի դրությամբ անասնահամաճարակային իրավիճակը կայուն է, վարակիչ հիվանդությունների դեպքեր չեն հայտնաբերվել:
2023 թվականի հունիսի 26-ի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ, Նորակերտ, Արեգունի բնակավայրերի հացահատիկի ցանքատարածություններում, Ճամբարակ քաղաքի և Վահան գյուղի խոտհարքներում նկատվել են թույլ և միջին աստիճանի ծղրիդներով վարակվածություն, որի վերաբերյալ գրավոր տեղեկացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը: