Կառավարությունը եւ «Գեոպրոմայնինգը» աշխատում են Հայաստանում մաքուր պղնձի արտադրություն ստեղծելու ուղղությամբ․ Քերոբյան

Կառավարությունը եւ «Գեոպրոմայնինգը» աշխատում են Հայաստանում մաքուր պղնձի արտադրություն ստեղծելու ուղղությամբ․ Քերոբյան

«Զանգեզուրի պղձնամոլիբդենային կոմբինատը» խաղում է կարեւոր դեր ոչ միայն Սյունիքի մարզում եւ Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում․ ընկերությունը Չինաստանին մոլիբդեն ներմուծող երրորդ օտարերկրյա մատակարարն է»։ Այս մասին այսօր՝ հուլիսի 14-ին, գործարանի 70-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Վերջերս, երբ Չինաստանում էի, էկոնոմիկայի փոխնախարարն ինձ հայտնեց, որ Հայաստանը հանդիսանում է Չինաստանի երրորդ արտաքին մատակարարը, որտեղից մոլիբդեն է ներմուծվում», - նշեց նա։

Նրա խոսքով՝ այս փաստը եւս մեկ անգամ վկայում է, որ ԶՊՄԿ-ն ոչ միայն խոշոր ընկերություն է, որը 70 տարի կերտում եւ կերտում է արդյունաբերության լավագույն չափանիշներն ու ապագան Հայաստանում, այլեւ բավականին կարեւոր է համաշխարհային մասշտաբով։

Քերոբյանը նշեց, որ վերջին 5 տարիներին կառավարությունը մեծ ջանքեր է գործադրում Հայաստանը ներդրումների համար գրավիչ դարձնելու համար, եւ այդ ջանքերի արդյունքները արդեն նկատելի են. անցած տարի Հայաստանում ներդրումներն առաջին անգամ գերազանցեցին 1 մլրդ դոլարի նշագիծը, ինչը ռեկորդային է։

«Նախորդ հինգ տարիներին ներդրված ջանքերը տալիս են իրենց պտուղները։ Ընդհանուր ներդրումների առումով մենք նախորդ տարի ունեցել ենք 4․2 մլրդ դոլարի ներդրումներ, որոնք կազմում են մեր համախառն ներքին արդյունքի մոտ 22 տոկոսը։ Հիմնական ծրագրերից մեկը վերաբերում է տնտեսության արդիականացմանը, որում մենք փորձում ենք համոզել ընկերություններին արդիականացնել իրենց սարքավորումները, հոսքագծերը, գործարանները, բարձրացնել արտադրողականությունը», - ասաց էկոնոմիկայի նախարարը։

Նրա խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում ավելի քան 2000 ընկերություն արդեն օգտվել է կառավարության ծրագրերից եւ մոտ 300 մլն դոլարից ավել ներդրումներ արել նոր հոսքագծերի մեջ, որոնք ուժեղացնում են այդ ընկերություններին, դարձնում առավել մրցունակ եւ պատրաստ միջազգային շուկաներին։

«Մենք շարունակում ենք աշխատել մեր խոստացած 7-9 տոկոս տնտեսական աճի վրա։ Այսօր մենք այդ ճանապարհին ենք, եւ մեր ջանքերն իրենց արդյունքը կտան առաջիկա տարիներին։ Կառավարությունը եւ «Գեոպրոմայնինգ» ընկերությունը աշխատում են առավել խորացնելու համար արտադրական շղթան եւ մաքուր պղնձի արտադրություն ստեղծելու համար։ Անհամբեր սպասում ենք համատեղ ծրագրի մշակմանը եւ իրագործմանը», - ասաց Քերոբյանը։

Աղբյուրը՝   news.am