Իմ ժամանումից ի վեր Հայաստանը հաստատակամորեն մերձեցել է Եվրոպայի հետ. Ֆրանսիայի դեսպան

Իմ ժամանումից ի վեր Հայաստանը հաստատակամորեն մերձեցել է Եվրոպայի հետ. Ֆրանսիայի դեսպան

Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն նկատել է՝ գրեթե երկու տարի առաջվանից՝ իր ժամանումից ի վեր, Հայաստանը հաստատակամորեն մերձեցել է Եվրոպայի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Անն Լույոն նման տեսակետ հայտնեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը Ֆրանսիայի ազգային տոնի առիթով կազմակերպված միջոցառմանը:

«Մեծ հուզմունքով եմ այսօր դիմում ձեզ, քանզի մի քանի օրից լքում եմ Հայաստանը՝ անչափ հարուստ և հագեցած առաքելությունից հետո, որը կնշանավորի ինչպես դիվանագետի իմ կարիերան, այնպես էլ իմ անձնական կյանքը: Գրեթե երկու տարի առաջ իմ ժամանումից ի վեր, Հայաստանը հաստատակամորեն մերձեցել է Եվրոպայի հետ, որի մի մասն է կազմում իր պատմությամբ, մշակույթով և, նախևառաջ, հանուն ժողովրդավարության իր հանձնառությամբ»,-ասաց դեսպանը:

Նա հավելեց՝ Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի, ԵՄ անդամ պետությունների բոլոր գործընկերների հետ միասին եռանդով աշխատել են այդ մերձեցման ուղղությամբ՝ Շվեդիայի նախագահության ներքո, և կշարունակեն իրենց ջանքերը Իսպանիայի նախագահության օրոք, որը նոր է մեկնարկել:

Անն Լույոն ողջունեց նաև երկկողմ մակարդակում վերջին 2 տարիների ընթացքում համագործակցության գրանցած զգալի առաջընթացը։ 

Դեսպանը նաև թվարկեց դրանցից մի քանիսը.

«Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահի ու Եվրոպայի և արտաքին գործերի նախարարի այցերը Հայաստան, ՀՀ վարչապետ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահի և մի շարք նախարարների այցերը Ֆրանսիա: Դեսպանությունում պաշտպանական առաքելության ստեղծումը: Մշակութային և կրթական համագործակցության զարգացումը՝ Ֆրանսիական ինստիտուտի ստեղծմամբ, Ֆրանսիա-Հայաստան մշակութային ժառանգության նախագծի և շուտով Հայաստանում ֆրանսերենի տարածման խոշոր ծրագրի միջոցով: Մնում է ամրապնդել մեր կրթական ցանցի առաջատար բաղադրիչ հանդիսացող Ֆրանսիական համալսարանը, որն իրականացնելու համար ապավինում եմ ձեր աջակցությանը: 2021 թվականի դեկտեմբերին ստորագրված տնտեսական ճանապարհային քարտեզի իրականացումը՝ մասնավորապես, Զարգացման ֆրանսիական գործակալության գրասենյակի բացմամբ և Հայաստանում ֆրանսիական ձեռնարկությունների լիարժեք ներգրավմամբ, որոնց ներկայության ընդլայնման ուղղությամբ միասին աշխատում ենք: Ապակենտրոնացված համագործակցության զարգացումը` 2 նոր մարզերի ներգրավվմամբ. Օվերն Ռոն Ալպը Սյունիքի հետ և Օ դը Ֆրանսը Վայոց Ձորի հետ»:

Անն Լույոն ընդգծեց՝ այս ամենը հնարավոր չէր լինի առանց Հայաստանի իշխանությունների, ինչպես նաև բոլոր գործընկերների, մասնավորապես, դինամիկ և հանձնառու քաղաքացիական հասարակության հետ գերազանց հարաբերությունների: