Եթե Սևանա լիճը կորցնենք՝ մեր պարենային անվտանգության վրա կարելի կլինի մեծ խաչ քաշել. Ինգա Զարաֆյան

Եթե Սևանա լիճը կորցնենք՝ մեր պարենային անվտանգության վրա կարելի կլինի մեծ խաչ քաշել. Ինգա Զարաֆյան

2023 թվականի հուլիսի 3-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը  նախորդ տարվա նույն օրվա նիշից ցածր է 19 սանտիմետրով։ Մայիս-հունիս ամիսների ընթացքում Սևանա լճից ոռոգման նպատակներով բաց է թողնվել 69 միլիոն 719 հազար մ³ ջուր։ Այս պայմաններում կառավարության առաջարկով ԱԺ-ն հուլիսի 12-ի արտահերթ նիստում օրենք ընդունեց, որով նախատեսված 170 մլն մ³-ից բացի թույլատրվեց լճից վերցնել ևս 70 մ³ ջուր:

Սևանա լճի էկոհամակարգի վրա՝ ամեն տարի կառավարության ընդունած նման որոշումների ունեցած հետևանքները գնահատելու համար Panorama.am-ը դիմեց «ԷկոԼուր» ՀԿ նախագահ, բնապահպան Ինգա Զարաֆյանին:

Panorama.am-Տիկին Զարաֆյան, այս տարի ունենք Սևանի մակարդակի էական բացասական բալանս և, անտեսելով այն, կառավարությունը կրկին որոշեց Սևանից լրացուցիչ ջրառ իրականացնել, ինչպե՞ս այն կազդի լճի էկոհամակարգի վրա:

Ի. Զարաֆյան-Ամեն անգամ, երբ լրացուցիչ բացթողումներ են լինում, փաստորեն, մասնագետների որևէ հիմնավորում այն մասին, որ այդ բացթողումներն ուղղակի սպանում են Սևանա լիճը, հաշվի չեն առնում, ոչ մի բան չի օգնում: Մարդիկ որոշում են և սկսում են բացթողումները: Չեն հասկանում, որ Սևանն արդեն չի դիմանում այդ բացթողումներին: Արդեն երրորդ տարի Սևանը ծաղկում է, իսկ այս տարի վաղ սկսեց ծաղկել, ինչը նշանակում է, որ մենք սևանը տեսնում ենք ճահճացման գործընթացում:

Ասեմ, որ այս տարի Սևանից բացթողումները սկսեցին մոտ մեկ ամիս շուտ, քան անցած տարի էր, և բացատրում են, թե այն պայմանավորված է ֆերմերների պահանջարկով: Ի՞նչ է նշանակում դա, եթե մենք գիտենք, որ մարտ ամսից սկսած մենք ունեինք տեղումների այնպիսի պատկեր, երբ գրեթե ամեն օր անձրևներ էին գալիս:

Չեմ կարծում, որ այս տարի է ձևավորվել ֆերմերների այդ պահանջարկը, այն շատ ավելի շուտ է եղել՝ նախորդ տարի, երբ 7-8 ամիս առանց անձրևների և տեղումների եղանակ ունեցանք: Հիմնվելով այն ժամանակ եղած պահնաջների վրա՝ ձևակերպել են այս նորը: Այդ հիմնավորումը չի համապատասխանում իրականությանը, որովհետև, կրկնեմ, մարտից սկսած մենք ունեցել ենք անձրևոտ օրեր: Բացատրությունը, թե պահանջարկ կար, դրա համար մենք մեկ ամիս շուտ ենք սկսել Սևանա լճից ջրի բացթողնումը, չի համապատասխանում իրականությանը:

Ջրային պետական կոմիտեի մյուս հիմնավորումն էլ այն է, թե մեր ջրամբարները գրեթե դատարկ են: Այո՛, դատարկ են: Ամեն տարի այս հայտարարությունները մենք լսում ենք ու ոչ մի բան չի արվում, որպեսզի ջրամբարներից ջրի կորուստները պակասացնեն: Ջրամբարը հիդրոտեխնիկական օբյեկտ է, պա՞զ չէ, որ եթե այն մարդու կողմից է կառուցված, ապա ինքը պահանջում է, ինչ որ վերանորոգում, պարբերական սպասարկում: Ոչ մի բան չի արվում, մենք ունենք ջրամբարների վատ վիճակ:

Panorama.am-Ի՞նչ կասեք ոռոգման համակարգի մասին:

Ի. Զարաֆյան-Այս պայմաններում մենք ունենք ջրի մինչև 70% կորուստ, սա նշանակում է որ Սևանա լճից բաց թողած ջուրը, ուղղակի չի հասնում գյուղացուն և չի բավարարում այդ պահանջարկը՝ ուղղակի կորում է անպիտանի վիճակում գտնվող ոռոգման համակարգում:

Panorama.am-Ի՞նչ է Սևանա լիճը մեր համար:

Ի. Զարաֆյան-Եթե մենք չհասկանանք, որ մեր պարենային անվտանգությունը, երևի 90 %-ով կախված է Սևանա լճից, և եթե Սևանա լիճը մենք կորցնենք՝ մեր պարենային անվտանգության  վրա կարելի կլինի մեծ խաչ քաշել: Եթե մենք այն չհասկանանք, ապա այդ խաչը, վերջին հաշվով, կդրվի:

Սևանա լիճը ինքնակարգավորվող ինքնատիպ էկոհամակարգ է, այն ուղղակի ջրի պաշար չէ: Մենք ուենք Սևանա լճի շատ լավ սահմանում ՝ ազգային հարստություն և այլն, բայց մենք պետք է հասկանանք, որ այն նաև շատ մեծ տարածաշրջանի ջրային բալանսի կարգավորող դերակատարություն ունի:

«Սևանա լճի մասին» օրենքով հստակ ասված է, թե ինչ չի կարելի անել Սևանա լճի ջրավազանի հետ, իսկ մենք ինչ ասես անում ենք, այդ կետերը խախտվում են և մենք ոչ մի դրական արդյունք չենք ունենում նաև լճի մակարդակի բարձրացման առումով: Արդեն 4-րդ  տարին է, ինչ ունենք Սևանա լճի մակարդակի բացասական բալանս: Բոլոր բնապահպանները պնդում են, որ չի կարելի այդ բացասական բալանսը պահել և պետք է կամաց-կամաց, փոքր-փոքր չափերով մակարդակը բարձրացնել:

Եթե դու մակարդակի բացասական բալանս ունե՝ ինչպե՞ս ես հիմնավորում, որ պետք է Սևանա լճից ջուր վերցնես: Ավելին ասեմ՝ այդ բացասական բալանսը գումարվելով բերել է նրան, որ լճի մակարդակն այնքան ցածր է, որ այդ 170 մլն մ³-ը, որը օրենքով կարելի է վերցնել Սևանա լճից, արդեն իսկ չի համապատասխանում իրականությանը: Լսելով մեր հիդրոլոգներին՝ համոզվում ենք, որ ջրառի այդ սահմանը պետք է արդեն գրեթե երկու անգամ քիչ լինի:

Այսինքը՝ տեսնում ենք, որ այստեղ շատ լուրջ խնդիրներ կան, այդ խնդիրները չեն լուծվում, ուղղակի պետք է ջուր՝ Սևանա լճից ամեն ձևով ապահովում են այդ ջրի պահանջարկը ու ոչ մեկը չի նայում, թե այն հասնում է գյուղացուն, թե ոչ: Իհարկե պետք է ջուր, բայց ենք թողնում, բայց ի՞նչ է լինում այդ ջրի հետ, ինչպե՞ս է լինում, ինչո՞ւ պետք է մենք նման քայլերի դիմենք՝ ոչ ոք դրանք չի վերլուծում և  և ոչ ոք նոր քայլ չի անում, որպեսզի այդ նույն վատ վիճակը չկրկնվի մյուս տարի:

Panorama.am-Սևանի էկոհամակարգի վրա ազդող մյուս բացասական գործոնների վերացման առումով առաջընթաց կա՞:

Ի. Զարաֆյան -Բոլոր այն գործոնները, որոնք բացասական են ազդում Սևանա լճի վրա՝ ուղղակի մեծանում են: Գիտենք, որ զբոսաշրջիկների հոսքը մեծանում է դեպի լիճ, բայց նրանք գնում են ուղղակի հաց ուտելու: Լճի ափամերձ օբյեկտները դարձրել են ոչ թե Սևանա Լճի հանգստյան գոտի, այլ հաց ուտելու գոտի և այդ թափոնները լցվում են Սևան, և եթե Սևանը կանաչի, ապա իր ռեկրեացիոն նշանակությունը կկորցնի, ինչը շատ վատ կանդրադառնա հենց Սևանա լճի հարակից բնակավայրերի բնակիչների վրա, որոնք ապրում են միայն դրանով: