Մարդիկ այնքան գետնաջրեր են դուրս քաշել, որ դա հանգեցրել է մոլորակի առանցքի տեղաշարժին

Մարդիկ այնքան գետնաջրեր են դուրս քաշել, որ դա հանգեցրել է մոլորակի առանցքի տեղաշարժին

Երկրագնդի մակերևույթի տակ հազար անգամ ավելի շատ ջուր կա, քան աշխարհի բոլոր գետերում ու լճերում։ Այդ ստորերկրյա ջրերին է բաժին հասնում մոլորակի համարյա ամբողջ  քաղցրահամ ջուրը։

Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մարդիկ այնքան գետնաջրեր են հանում, որ դա ոչ միայն բարձրացնում է ծովի մակարդակը, այլև փաստորեն ամբողջ մոլորակը տեղաշարժում է իր առանցքի շուրջ, գրում է Business Insider-ը։

Երկրի պտույտի բևեռը ամեն տարի սովորաբար փոխվում և տեղաշարժվում է մի քանի մետրով։

Բազմաթիվ գործոններ են նպաստում առանցքի այս տատանմանը, ներառյալ ամեն գարուն Հյուսիսային կիսագնդում ձյան և սառույցի հալչելը, ինչը նշանակալիոերն փոխում է Երկրում ջրային զանգվածի բաշխումը։

Գետնաջրերի դուրս բերումը ևս վերաբաշխում է ջրային զանգվածը։ Ստորերկրյա ջրերը բնական կերպով գտնվում են մայրցամաքների տակ, սակայն դուրս բերելուց հետո դրանց 80%-ը գետերով հասնում է օվկիանոս, այդպիսով ջրային այդ ողջ զանգվածը Երկրի մայրցամաքներից տեղաշարժելով դեպի օվկիանոսներ։

Պարզվել է, որ մարդիկ այնքան ստորերկրյա ջրեր են հանել, որ դա հանգեցրել է  Երկրի պտույտի բևեռի դեպի արևելք 64,16 աստիճանով տեղաշարժին՝ մոտավորապես տարեկան 4,36 սանտիմետր 1993-2010 թթ․ ընթացքում, պատմել են ուսումնասիրողները Geophysical Research Letters ամսագրում։

Համեմատության համար, մեկ այլ ուսումնասիրության մեջ հաղորդվել է, որ սառցադաշտերի արագացված հալոցքը հանգեցրել է դեպի արևելք բևեռների 26 աստիճանով տեղաշարժի՝ տարեկան մոտ 9,84 սմ-ով 1990-ականներից հետո։

Առավել մտահոգիչը գետնաջրերի գործոնն է ծովի մակարդակի բարձրացման հարցում։

Ստորերկրյա ջրերը օգտագործվում են աշխարհում ոռոգման մոտավորապես 40%-ի  համար և ապահովում են ամբողջ խմելու ջրի գրեթե կեսը։

Դրանց ոչ խելամիտ արդյունահանումը կարող է սպառնալ ջրային էկոհամակարգերին, ջրի պակաս առաջացնել և բարձրացնել ծովի մակարդակը։

Վերջերս կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գետնաջրերի սպառումը հանգեցրել է համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացմանը 6,24 մմ-ով 1993-2010 թթ․ ժամանակահատվածում։ Սա կարևոր է, քանի որ ընդունված է, որ ծովի մակարդակի բարձրացման յուրաքանչյուր միլիմետրը հանգեցնում է առափնյա գծի միջինը 1,5 մետրով նահանջին։ Իր հերթին սա սպառնում է բազմաթիվ էկոհամակարգերի, որոնք կախված են ինչպես առուներում, այնպես էլ դրանց շուրջ ջրի հոսքից։

Առանց կառավարման բարելավման, մասնագետների գնահատականով, գետնաջրեր արդյունահանող բոլոր ջրահավաք ավազանների 42%-ից մինչև 79%-ը հնարավոր է այլևս չկարողանան պահպանել առողջ էկոհամակարգերը 2050 թվականին մոտ։ 

Աղբյուրը՝   news.am