Երևանում կայացել է Մեղվաբուծության 1-ին համահայկական համաժողովը

Հուլիսի 15-ին Երևանում առաջին անգամ անց է կացվել Մեղվաբուծության համահայկական ֆորումը։ Համաժողովը կազմակերպվել էր «Մեղվաբուծության դարբնոց» գիտակրթական կենտրոնի նախաձեռնությամբ՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ, ԱՄՆ Միջազգային Զարգացման գործակալության (USAID) և Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի աջակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են «Մեղվաբուծության դարբնոց» գիտակրթական կենտրոնից։
Միջոցառման ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության Անասնաբուծության վարչության պետի պաշտոնակատար, ձկնաբուծության և մեղվաբուծության բաժնի պետ Տիգրան Ալեքսանյանը ներկայացրել է Մեղվաբուծության զարգացման ռազմնավարական ծրագիրը։ Ելույթներ են հնչել նաև Հայաստանում մեղվաբուծության զարգացման նախադրյալների ու առկա խոչընդոտների, մեղրի արտահանման ներուժի, հնարավորությունների և ռիսկերի վերաբերյալ։
Մասնակիցներն անդրադարձել են նաև մեղվաբուծության խթանմանն ուղղված ծրագրերի իրականացմանը, քաղաքային (ուրբան) մեղվապահությանը, օրգանական մեղվաբուծության առանձնահատկություններին, առավելություններին և առկա մարտահրավերներին, ինչպես նաև ոլորտին առնչվող մի շարք այլ հարցերի։



