Նոր տնտեսական իրողությունները եվրոպացիներին դարձրել են ավելի աղքատ, իսկ ամերիկացիներին՝ ավելի հարուստ. WSJ

Նոր տնտեսական իրողությունները եվրոպացիներին դարձրել են ավելի աղքատ, իսկ ամերիկացիներին՝ ավելի հարուստ. WSJ

Եվրոպայի բնակչությունը գնալով աղքատանում է աճող գնաճի և գնողունակության նվազման պայմաններում, մինչդեռ ամերիկացիների եկամուտներն աճում են: Այս մասին հայտնել է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության տվյալները։

Եվրոգոտում 2019-ի վերջից գնողունակությունը նվազել է 1%-ով, մինչդեռ ԱՄՆ-ում այն ​​աճել է 9%-ով՝ աշխատաշուկայի և եկամուտների աճի շնորհիվ։ Այժմ Եվրոպային բաժին է ընկնում համաշխարհային սպառման 18%-ը, իսկ ԱՄՆ-ին՝ 28%-ը, թեև 15 տարի առաջ այդ ցուցանիշները հավասար էին։ Եվրոպացիների գնողունակության վրա բացասաբար է ազդում աշխատավարձի անկումը. Գերմանիայում 2019 թվականից ի վեր դրանք նվազել են 3, Իտալիայում և Իսպանիայում՝ 3.5%-ով, Հունաստանում՝ 6%-ով։ Ամերիկացիների աշխատավարձերը նույն ժամանակահատվածում աճել են 6%-ով։ ՏՀԶԿ-ի տվյալներով՝ 2022 թվականին ԱՄՆ-ում միջին տարեկան աշխատավարձը կազմել է 77.46 հազար դոլար՝ 2019 թվականի 73.19 հազար դոլարի համեմատ։ Համեմատության համար նշենք, որ Գերմանիայի բնակիչները միջինում ստանում են 58.94 հազար դոլար, Մեծ Բրիտանիայում՝ 53.99 հազար դոլար, Ֆրանսիայում՝ 52.76 հազար դոլար, Իտալիայում՝ 44.89 հազար դոլար, Իսպանիայում՝ 42.86 հազար դոլար, Հունաստանում՝ 25.98 հազար դոլար:

Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով՝ եվրոգոտու տնտեսությունը վերջին 15 տարվա ընթացքում աճել է 6%-ով, իսկ Միացյալ Նահանգների տնտեսությունը՝ 82%-ով, ինչը միջին եվրոպական նահանգն ավելի աղքատ է դարձնում, քան ԱՄՆ-ի ցանկացած նահանգ, բացառությամբ՝ Այդահոյի և Միսիսիպիի:

2008-ին եվրոգոտու (14.22 տրիլիոն դոլար) և ԱՄՆ-ի (14.77 տրիլիոն դոլար) ՀՆԱ-ն համադրելի էր, իսկ 2023-ին ԱՄՆ ՀՆԱ-ն (26.86 տրիլիոն դոլար) գերազանցեց եվրոպականը (15.07 տրիլիոն դոլար) ավելի քան 11 տրիլիոն դոլարով։ Քաղաքական տնտեսության եվրոպական միջազգային կենտրոնի զեկույցի համաձայն, եթե այս միտումը շարունակվի, ապա 2035-ին ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև մեկ շնչին հասնող արտադրանքի տարբերությունը համեմատելի կլինի Ճապոնիայի և Էկվադորի միջև:

Աղբյուրը՝   b24.am