Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ տնօրենին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի  նորանշանակ տնօրենին

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր հյուրընկալել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի  տնօրեն Պաոլո Սպանտիգատիին՝ պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ եւ այդ պաշտոնում նրան փոխարինող Դոնալդ Լամբերթին: Այս մասին տեղեկացնում են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակից։

Շնորհակալություն հայտնելով պարոն Սպանտիգատիին Հայաստանում ծավալած ակտիվ եւ արդյունավետ գործունեության համար՝ Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է ԱԶԲ հետ համագործակցության շրջանակներում գրանցած կարեւոր ձեռքբերումներին։

Շնորհավորելով Դոնալդ Լամբերթին նշանակման կապակցությամբ՝ փոխվարչապետը վստահություն   է հայտնել  ԱԶԲ հետ հաստատված արդյունավետ փոխգործակցության շարունակականության վերաբերյալ:

ԱԶԲ հայաստանյան գրասենյակի  նորանշանակ  տնօրենը, շնորհակալություն հայտնելով փոխվարչապետին ջերմ ընդունելության համար, վերահաստատել է ԱԶԲ հանձնառությունը՝ երկկողմ գործակցության գերակայություններին համահունչ համագործակցության ամրապնդման վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման ընթացքի, ինչպես նաև քաղաքային կայուն զարգացմանը և  դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավմանն ուղղված հարցերի վերաբերյալ։

Զրուցակիցները հատուկ անդրադարձ են կատարել նաև ոռոգման ենթակառուցվածքների զարգացման և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման անհրաժեշտությանը՝ ընդգծելով այս ուղղությամբ համագործակցության ընդլայնման կարևորությունը: