Արաբկիր վարչական շրջանում բացվել է քաղաքացիների սպասարկման նոր կենտրոն

Արաբկիրի բնակիչներն այսուհետ գույքահարկը, ապահովագրության և այլ վճարները կկատարեն քաղաքացիների սպասարկման նոր սրահում: Վարչական շրջանի շենքում բացված սպասարկման միասնական կենտրոնում բնակիչները նաև իրենց դիմումները կներկայացնեն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Սպասարկման սրահը գործելու է «Մեկ պատուհանի» սկզբունքով: Հարկերով և սենյակներով շրջելու փոխարեն բնակիչները մեկ տեղում կկատարեն իրենց վճարումները» , - նշել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Հայկ Մուշեղյանը:
16 «պատուհանով» գործող նոր սրահում քաղաքացիների սպասարկումն իրականացվում է հերթագրման էլեկտրոնային համակարգով: Հերթագրվել հնարավոր է նաև նախապես:
Պայմաններին առաջինը ծանոթացել են Երաևնի փոխքաղաքապետերը, վարչական շրջանների ղեկավարներ, ավագանու անդամներ:
«Վճարումները կարող են կատարել «Հայփոստ»-ի պատուհանի, նաև տերմինալների և քարտերի միջոցով», - նշում են աշխատակիցները:
Նոր, հարմարավետ պայմանները մի քանի անգամ հեշտացնում և արագացնում են սպասարկումը:
Քաղաքացիների ժամանակը խնայելու համար Երևանի քաղաքապետարանը թվայնացրել է մատուցվող ծառայությունները: Հարկային պարտավորությունները հնարավոր է կատարել նաև առցանց: