Անասնապահության ճյուղը շատ վատ վիճակում է գտնվում. Գեորգի Հայրիյան

Անասնապահության ճյուղը շատ վատ վիճակում է գտնվում. Գեորգի Հայրիյան
Արցախի Հանրապետության Գյուղատնտեսության նախարար Գեորգի Հայրիյանը  հուլիսի 18-ին տված հարցազրույցում ասել է, որ Արցախում անասնապահության ճյուղը շատ վատ վիճակում է գտնվում։ Այս մասին հաղորդում է «Արցախպրես»-ը։ 
Գեորգի Հայրիյանի խոսքով՝  ներկայում պետք է պահեստավորել խոշոր և մանր եղջերավոր կենդանիների կերը, սակայն խոտի միայն 30 տոկոսն է հաջողվել հավաքել։
«Այժմ  արդեն այդ աշխատանքները կանգնեցրել ենք՝ առաջնահերթությունը տալով ցորենի բերքահավաքի աշխատանքներին, որպեսզի հացի խնդիրը կարողանանք լուծել»,- հավելել է գերատեսչության ղեկավարը:
Ըստ Գեորգի Հայրիյանի՝  մինչև հունիսի 15-ը հնարավորություն է եղել ներկրել նաև անասնակեր՝ սուղ միջոցներով փորձելով խոզաբուծության ու հավաբուծության ճյուղերի զարգացում ապահովել:
Ներկայում  նախարարությունը ստիպված է խոզաբույծներին հորդորել՝ նվազեցնելու գլխաքանակը՝  անասնակերի պակասի պատճառով, քանի որ նաև  գարու բերքի մեծ մասն է երաշտահարվել:
 Ծանր վիճակում է հայտնվել նաև մեղվաբուծությունը:
«Մինչև հունիսի 15-ը մենք փորձում էինք ապահովել նվազագույն թույլտվություններ վառելիքի ձեռքբերման համար, իսկ դանից հետո կտրուկ արգելվել է, որովհետև չկա: Մեղվաբուծությամբ զբաղվող ավելի քան 500 տնտեսություն զրկվել է մեղուները ավելի բարենպաստ պայմաններ տեղափոխելու հնարավորությունից ու մեղուների խնամքի միջոցներից», - եզրափակել է նախարարը: