Վարդենիս քաղաքի «Բանդեր» թաղամասում ընթանում են կոյուղու եւ դրենաժային համակարգի կառուցման աշխատանքներ

Վարդենիս քաղաքի «Բանդեր» թաղամասում ընթանում են կոյուղու եւ դրենաժային համակարգի կառուցման աշխատանքներ

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի «Բանդեր» թաղամասում արդեն մեկուկես ամիս է, ինչ մեկնարկել են կոյուղու եւ դրենաժային համակարգի կառուցման աշխատանքները, որոնք ընթանում են ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ 

Ինչպես «Արմենպրես» -ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, Վարդենիս քաղաքի «Բանդեր» թաղամասի կոյուղու եւ դրենաժային համակարգի պայմանագրային արժեքը կազմում է 218 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։ Կոյուղագիծը եւ դրենաժային համակարգը կառուցվում են 2700 գծամետր երկարությամբ։

Ծրագրի իրականացման արդյունքում «Բանդեր» թաղամասի դրենաժային համակարգը և կոյուղագիծը կմիացվեն Վարդենիսի մաքրման կայանին՝շուրջ 700 տնտեսությունների առանձնատների եւ հողամասերի համար լուծելով կենսական կարեւոր նշանակության խնդիր։ Շինարարական աշխատանքների մեկնարկը տրվել է 2023 թվականի հունիսի սկզբներից եւ կավարտվի այս տարվա հոկտեմբերին։ 2023 թվականի հուլիսի 18-ի դրությամբ շինարարական աշխատանքներն այստեղ իրականացված են շուրջ 15 տոկոսով։

Վերջերս «Բանդեր» թաղամասի շինաշխատանքները տեղում դիտարկել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, որի ընթացքում զրուցել է շինարարների հետ, արել համապատասխան դիտողություններ եւ առաջարկություններ, նկատված թերությունները եւ բացթողումները շտկելու նպատակով տվել մի շարք հանձնարարականներ։