Այս ընթացքում էլ ավելի է սրվել Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտությունը. վարչապետ

Այս ընթացքում էլ ավելի է սրվել Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտությունը. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Կառավարության հերթական նիստը: Նիստի սկզբում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը, բրյուսելյան եռակողմ վերջին բանակցություններին և այլ հարցերի:

Մասնավորապես, վարչապետը նշել է.

«Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ,
Սիրելի ժողովուրդ,

Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամի պայմաններում հուլիսի 15-ին Բրյուսելում եռակողմ հանդիպում ունեցա Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հետ: Այդ հանդիպումը, ցավոք, Լաչինի միջանցքի բացման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հաղթահարման առումով որևէ կոնկրետ արդյունք չտվեց:

Քաղաքական առումով Եվրամիության խորհրդի նախագահը հանդիպմանը հաջորդած իր հայտարարության մեջ ընդգծեց Լաչինի միջանցքի բացման անհրաժեշտությունը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության օրակարգը, Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջոցով հասցեագրելու անհրաժեշտոթյունը:

Մեր համոզմունքը եղել և շարունակում է մնալ այն, որ առանց միջազգային ներգրավվածության և մեխանիզմների, այս երկխոսությունը չի կարող արդյունավետ լինել առնվազն այն պատճառով, որ Բաքուն շարունակում է իր ագրեսիվ և սպառնալից հռետորաբանությունը Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ, որի խորքային նպատակը, մեր գնահատմամբ, Լեռնային Ղարաբաում էթնիկ զտումների իրականացումն է: Հիմա արդեն դա ոչ թե տեսական պնդում է, այլ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմամբ իրագործվող կոնկրետ ծրագիր, որի ուղիղ դրսևորումը էլեկտրաէներգիայի, բնական գազի, պարենի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների դեպի Լեռնային Ղարաբաղ մատակարարման իսպառ բացակայությունն է՝ Լեռնային Ղարաբաղում հայերի բնակվելն անհնարին դարձնելու նպատակով: Ցավով է պետք ընդգծել, որ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումները, որոնցով Ադրբեջանին պարտավորեցվում է բացել Լաչինի միջանցքը, մինչև օրս չի կատարվել: Այսուհանդերձ մենք պետք է շարունակենք աշխատանքներն այս ուղղությամբ: Անհրաժեշտ է նաև աշխատանքներ տանել Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամը միջազգային մամուլում հնարավորինս լայն լուսաբանելու ուղղությամբ:

Բրյուսելում քննարկված հաջորդ հարցը Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց 29,800 և 86,600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերահաստատումն էր: Սահմանների դելիմիտացիան պետք է տեղի ունենա 1991թ. Ալմաթիիի հռչակագրի հիման վրա և առաջիկայում մենք պետք է կոնկրետացնենք սահմանագծման աշխատանքների քարտեզագրական հիմքը: Տարածաշրջանների կոմունիկացիաների բացումը, ինչպես նշված է Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարության մեջ, պետք է տեղի ունենա կողմերի ինքնիշխանության, իրավազորության և հավասարության սկզբունքի հիման վրա:

Ինչ վերաբերում է հումանիտար հարցերին, Ադրբեջանը շարունակում է դրժել միջազգային գործընկերներին այս թեմայով իր տված խոստումները: Բայց մենք անհոգնել պիտի շարունակենք աշխատանքը գերիների վերադարձի և անհետ կորած համարվող անձանց ճակատագրի պարզաբանման ուղղությամբ:

Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ,
Սիրելի ժողովուրդ,

Բրյուսելի հանդիպումից, ինչպես տեսնում եք, շատ կոնկրետ արդյունքներ չեմ կարող ներկայացնել: Այսուհանդերձ, բանակցային գործընթացը պետք է շարունակվի հնարավորինս ինտենսիվ և պետք է փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելու ուղղությամբ ակտիվ ջանքեր գործադրել: Այս պահին մեր խնդիրը Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի վրա ավելի մեծ միջազգային ուշադրություն հրավիրելն է դիվանագիտական եղանակներով և Լեռնային Ղարաբաղում հաստատված իրավիճակը միջազգային մամուլում և սոցիալական ցանցերում հնարավորինս լայնորեն և օբյեկտիվ ներկայացնելու միջոցով: Այս ընթացքում էլ ավելի է սրվել Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտությունը: Միևնույն ժամանակ, Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմի ձևավորումը իրավիճակի հաղթահարման ամենակառուցողական սցենարն է և պետք է բոլոր ջանքերը գործադրել այս ուղղությամբ: Շնորհակալություն»: