Կառավարությունը հավանություն է տվել «Յու Էմ Ագրո» ընկերության կողմից ներկայացված ներդրումային ծրագրին

Կառավարությունը հավանություն է տվել «Յու Էմ Ագրո» ընկերության կողմից ներկայացված ներդրումային ծրագրին

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Յու Էմ Ագրո» ՍՊԸ կողմից ներկայացված ներդրումային ծրագրին: Այս մասին տեղեկացնում են Վարչապետի աշխատակազմից։ 

Նախագծի ընդունումը պայմանավորված է ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում անհրաժեշտ ենթակառուցվածքների հասանելիության ապահովմամբ՝ աջակցելու իրականացվող ներդրման 20 տոկոսի չափով նշված ենթակառուցվածքի՝ մինչև 300 հա հողամասերի ջրարբիականացման ծրագրի իրականացման և համապատասխան պոմպակայանի կառուցման միջոցով: Որպես արդյունք ակնկալվում է անհրաժեշտ ենթակառուցվածքներով ապահովում՝ ներդրումային ծրագրի իրականացմանը նպաստելու և առավել արդյունավետ դարձնելու համար։ Սույն նախագծի ընդունումը հնարավորություն կտա նպաստել ընկերության կողմից ներդրումային ծրագրի արդյունավետ իրականացմանը։

Արձագանքելով՝ վարչապետը նշել է. «Ես ուզում եմ նաև այս ծրագրի ստեղծման պատմությանն անդրադառնալ, որովհետև եթե չեմ սխալվում, դա COVID-ից առաջ էր, երբ մենք Ջերմուկ այց ունեինք, և ներդրողներից մեկը հենց տեղում հրավիրեց գնալ իր նորակառույց հյուրանոցը տեսնել, ինչը նախատեսված չէր նախապես հաստատված ծրագրով: Մենք գնացինք այնտեղ և արձանագրեցինք, որ տասնյակ միլիոն դոլարների ներդրում է արված, բայց այդ հյուրանոց հասնելու համար պետք է հասնել քարուքանդ ճանապարհով, և այդտեղ դիսոնանս կար: Այդ քննարկումների, այդ այցի արդյունքներով էր, որ վերադարձանք և ասացինք՝ տրամաբանական է, որ այնուամենայնիվ, եթե այդ ծավալի ներդրումներ է արվել, կառավարությունը, համայնքը համատեղ իրենք էլ իրենց հերթին որոշակի ներդրում անեն, որովհետև անտրամաբանական կլիներ ակնկալել, որ հյուրանոցը կառուցած ներդրողն ինքը կառուցեր նաև ենթադրենք մի քանի կիլոմետր ճանապարհ, որը միայն այդ հյուրանոց չի տանում, այլ անցնում է թաղամասերի միջով: Այստեղից էլ առաջացավ գաղափարը:

Իհարկե, հընթացս մենք առանձին որոշումներով եղել են դեպքեր, երբ մասնավոր ներդրումներին զուգահեռ հանրային ներդրումներ ենք իրականացրել: Բայց նախորդ նիստերից մեկում կոնկրետ որոշում կայացրեցինք կոնկրետ ֆորմուլաներ, բանաձևեր ունենալ, թե որ դեպքում ինչ համամասնությամբ, ինչ սկզբունքի հիման վրա պետք է այս աջակցություններն իրականացնենք: Շատ ուրախ եմ, որ այս բանաձևի ներքո մենք, ըստ էության, մեխանիզմը գործարկել ենք, և հիմա արդեն նաև մասնավոր հատվածն արձագանքել է և շուրջ 25 մլրդ ներդրում արել, որոնց դիմաց մենք պետք է ենթակառուցվածքային աջակցություն ցուցաբերենք»:

Կառավարության ղեկավարը նաև ընդգծել է, որ ծրագիրը շատ կարևոր է, և հույս հայտնել, որ առաջիկայում նմանատիպ ծրագրեր ևս կլինեն. «Եթե հիշում եք՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում անընդհատ խոսում ենք կլաստերային զարգացման տրամաբանության մասին: Սա էլ է այդ կլաստերային զարգացման տրամաբանության մեջ, որովհետև այս դեպքում արդեն հանրային ներդրումները գնում են մասնավոր ներդրումների հետևից, որովհետև մենք ինչ-որ մի տեղ, եթե շատ անկեղծ լինենք, ինչ-որ մի ճանապարհ պիտի կառուցեինք, ինչ-որ մի տեղ ինչ-որ մի ջրագիծ պետք է կառուցեինք և կառուցում ենք: Բայց շատ կարևոր է, որ նաև ունենանք կոնկրետ հասցեներ, որ ոչ թե ուղղակի ընդհանուր քաղաքական սփռման տրամաբանությամբ ենք կառուցում, այլ գնում ենք մասնավոր ներդրողների հետևից, որը ենթադրում է, որ արդեն մասնավոր պետական զարգացման կլաստեր է ձևավորվում, և ենթադրում է, որ այդ ներդրման շրջակայքում, միջավայրում տնտեսական ակտիվության նոր զարգացումներ կլինեն և այդպես շարունակ»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը թեմայի շրջանակում հավելել է, որ սրա շրջանակում կարելի է դիտարկել նաև կլաստերների մոտարկման հարցը քարտեզի վրա. «Իմ կարծիքով, սա տարածքային համաչափ զարգացման կարևոր տրամաբանություն է, որովհետև երբ մի քանի ուղղություններ մի տեղ կենտրոնանում են, այնտեղ, որտեղ դրա հնարավորությունը կա, մենք սիներգիայի էֆեկտ կարող ենք ստանալ, և արագ կոնկրետ նոր տարածքների զարգացման ակտիվ գործընթաց կարող է սկսվել», - ասել է վարչապետը: