Վարձու աշխատողների գրանցման ուղղությամբ դրական դինամիկա է նկատվում. ՊԵԿ-ը խստացնում է վերահսկողությունը և լավարկում գործիքակազմը

Վարձու աշխատողների գրանցման ուղղությամբ դրական դինամիկա է նկատվում։ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների համաձայն՝ վարձու աշխատողների թվաքանակը, հունիսի մեկի դրությամբ, աճել է շուրջ 45 հազարով՝ հասնելով 718 հազարի․ աճը կազմում է 6.7 տոկոս։ Նկատելի աճել է նաև վարձատրության չափը։ Հունիսի մեկի դրությամբ՝ եկամուտների գրեթե 17 տոկոս աճ է գրանցվել։ Միջին աշխատավարձը հասել է շուրջ 278 հազար դրամի։
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՊԵԿ Հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետի տեղակալ Լորիս Հարությունյանն ընդգծեց, որ վարձու աշխատողների աճը գրանցել են ծրագրային ապահովման, շինարարության, հանրային սննդի ոլորտները։
«Դա կարող է պայմանավորված լինել տնտեսական ակտիվության աճով և հիմնականը՝ իրավական կարգավորումներով. նախ հարկ վճարողը՝ գործատուն, պետք է հասկանա, որ աշխատողին չգրանցելու դեպքում անխուսափելի պատասխանատվության կենթարկվի», - ասաց Լորիս Հարությունյանը:
«Ցավոք սրտի, գրեթե բոլոր ոլորտներում վարձու աշխատողների ձևակերպման կարգի խախտումներ առկա են։ Առավելապես նման դեպքեր գրանցվում են շինարարության, հարնային սննդի ոլորտներում։ Շինարարության և հանրային սննդի ոլորտում 3 հարկ վճարողի մոտ իրականացված ստուգումների արդյունքում ընդհանուր առմամբ արձանագրվել է 112 չձևակերպված վարձու աշխատող, և ևս 85 վարձու աշխատող լրացուցիչ ձևակերպվել է հարկ վճարողների կողմից, այսինքն՝ տվյալ 3 ստուգումների արդյունքում լրացուցիչ կգրանցվի 197 վարձու աշխատող», - ասաց նա:
ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետի տեղակալը նշեց, որ ՊԵԿ-ը տարեցտարի վերանայում է իր գործիքակազմը գործատուների կողմից օրենսդրական շրջանցումները հայտնաբերելու համար։ Դրան զուգահեռ, շատ գործատուներ գնում են այլ ճանապարհով։ Աշխատողին գրանցում են, սակայն ոչ իրական, ամբողջական աշխատավարձով։ Հարկայինին ցույց է տրվում միայն նվազագույն չափը։ Այս խնդիրը ևս ՊԵԿ-ի ուշադրության կենտրում է։
«Նման դեպքերը բացահայտելու համար մեր գործիքները պետք է ընդլայնենք։ Այս հարցում մենք պետք է ունենանք խթանիչ մեխանիզմներ, օրինակ՝ վարձու աշխատողը պետք է շահագրգռված լինի, որ իր աշխատանքի վարձատրության չափը ճիշտ գրանցվի», - նշեց Լորիս Հարությունյանը:
Հսկողական գործիքների կատարալեագործման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, ՊԵԿ-ում դրանք դիտարկում են նաև կանխարգելիչ միջոցառումների համատեքստում։ Փորձը ցույց է տալիս, որ ոչ բոլոր դեպքերում է գործը հենց սկզբից հասնում տուգանքներին։ Շատ գործատուներ պատրաստակամ են շտկելու իրենց բացերը։ ՊԵԿ-ը շարունակելու է աշխատանքը գործատուների հետ՝ մի կողմից խստացնելով վերահսկողությունը, մյուս կողմից լավարկելով գործիքակազմը։ Առաջիկայում ոլորտում սպասվում են նորություններ։