Միրզոյանը և Խովաևն ընդգծել են Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման անհրաժեշտությունը

Միրզոյանը և Խովաևն ընդգծել են Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման անհրաժեշտությունը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 21-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր:

Ըստ աղբյուրի՝ Արարատ Միրզոյանը վերահաստատել է Հարավային Կովկասում համապարփակ կայունության հաստատման ուղղությամբ և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առանցքային հարցերի վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները: Ընդգծվել է միջազգային մեխանիզմի ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրման հրամայականը:

Նշվում է, որ զրուցակիցները հանգամանորեն քննարկել են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը։ Ընդգծվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման անհրաժեշտությունը՝ համաձայն 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և ՄԱԿ-ի արդարադատության դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի վճիռների։