Բնապահպաններն ու հանքարդյունահանողները միասին կարող են պայքարել թշնամու դեմ

Բնապահպաններն ու հանքարդյունահանողները միասին կարող են պայքարել թշնամու դեմ
Ադրբեջանը պարտվելով տնտեսական դաշտում՝  կեղծ բնապահպանական օրակարգ  է առաջ քաշում Հայաստանի դեմ։  Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահի դիտարկումն է՝ ադրբեջանական բնապահպանական կեղծ օրակարգին։ Վարդան Ջհանյանը պատահական չի համարում այն, որ թշնամին հատկապես հանքարդյունաբերությունն է իր, այսպես ասենք,  թիրախում պահում։ Պատճառը հստակ է՝ սա Հայաստանում արագ զարգացող ու աճ ապահովող ոլորտն է։
Բայց, ի հեճուկս թշնամու՝ հայաստանյան հանքարդյունաբերական ընկերությունները կաշխատեն ՝ ասում է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը․ «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խումբը՝ ի դեմս ԶՊՄԿ–ի՝ ունի ծավալի մեծացման պլան։ «Լիդիան Արմենիա ընկերությունը մոտ ժամանակներում կշահագործի Ամուլսարը ։ «Գեոպրոմայնինգ»–ը կառավարության հետ համատեղ պղնձաձուլարան կառուցելու նպատակներ ունի, որը էլ ավելի կարագացնի Հայաստանի տնտեսության աճի տեմպերը»։
 Վարդան Ջհանյանն ընդգծում է՝ ադրբեջանցիների կարծիքով հանքարդյունաբերությունը Հայաստանում  ամենախոցելին է, բայց նրանք սխալվում են․
«Մենք կարող ենք հիմնավորել ու ցույց տալ, որ հանքարդյունաբերությունը բնապահպանական նորմերի ու չափանիշների առումով Հայաստանում շատ ավելի բարձր մակարդակ ունի, քան հարևան երկրում»։
Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը տնտեսական ցուցանիշներն է մեջբերում, հիշեցնում է, որ  2014թ ի վեր Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշները անընդհատ գերազանցել են Ադրբեջանի տնտեսական աճի ցուցանիշներին։ 2022–ին Հայաստանում՝ 12․6 տոկոս ՀՆԱ –ի աճ է արձանագրվել, իսկ Ադրբեջանում ՝ 4 տոկոս։ 2023–ին ըստ կանխատեսումների ՝ Հայաստանի տնտեսական երկնիշ աճը աննախադեպ է լինելու, իսկ Ադրբեջանինը՝ զրոյական։  «Հայաստանը հետզհետե տնտեսական մակարդակով հավասարվում ու անցնում է Ադրբեջանից։ Եթե Հայաստանը տնտեսապես  հզոր լինի, ռազմական ոլորտում նույնպես կհզորանա։ Նրանք ամեն ինչ անելու են, որ Հայաստանում տնտեսական աճ չարձանագրվի»,– ընդգծում է Հայաստանի հանքագործների ու մետալուրգների միության նախագահը։
Ադրբեջանական կեղծ բնապահպանական օրակարգը շարունակվում է
Թշնամու թիրախում այս անգամ թիրախում Արարատի մարզում գտնվող  Երասխի մետաղաձուլական  գործարանն է, որը, չնայած ադրբեջանական տարբեր ոտնձգություններին, շարունակում է կառուցվել։ Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանն արձանագրում է․ «Իմ տեղեկություններով ոչ մի միջազգային կառույց չի արձագանքել այս նամակին՝ նրա անհիմն ու ֆեյքային լինելու պատճառով »։  Միությունը    Շրջակա միջավայրի նախարարության հետ աշխատում է, որպեսզի օրենսդրական բացերը խնդիրներ չստեղծեն հարևան երկրների հետ։ Այստեղ միայն ձուլարանի հարցը չէ։  «Կփորձենք կառավարության ու ԱԺ–ի հետ ավելի հստակեցնել օրենսդրական դաշտը»,– ասում է Վարդան Ջհանյանը։
Ադրբեջանը բնապահպանական «պատերազմում» պարտվում է Հայաստանին
Ադրբեջանական 24 հասարակական կազմակերպություններ, որոնք իրենց բնապահպաններ և առողջապահության ոլորտի մասնագետներ են ներկայացրել,  բաց նամակով դիմել են Հայաստանի  վարչապետին՝  պահանջելով կասեցնել Հայաստանի մի շարք մետալուրգիական ընկերությունների աշխատանքը։ Դրանք, նրանց պնդմամբ, բնապահպանական միջազգային չափանիշներին չեն համապատասխանում։ Ադրբեջանցի բնապահպանները նշել են, թե հանքավայրերի շահագործումը վտանգում է ոչ միայն Հայաստանի, այլև հարևան երկրների շրջակա միջավայրը. Ադրբեջանական ՀԿ-ները 12 հանքավայրերի մասին են նշում, ցանկում են, օրինակ, Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը,Սոթքի ոսկու հանքը, դեռևս չշահագործվող Ամուլսարը, Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանը։ Նրանք վարչապետին խնդրում են բացել Հայաստանի բոլոր հանքավայրերի դռները ադրբեջանցի փորձագետների առջև ու ապահովել բոլոր պայմանները տեղում մոնիտորինգ իրականացնելու համար: «Հայաստանի պետական և մասնավոր հատվածի կազմակերպություններն, իհարկե, հատ-հատ ի ցույց են դնում և կշարունակեն ի ցույց դնել Ադրբեջանի մեղադրանքների մտացածին լինելը»՝ արձանագրում է Նիկոլ Փաշինյանը՝նշելով՝ ԱՄՆ Յեյլի համալսարանի պետությունների բնապահպանական վիճակի վերաբերյալ 2022 թվականի զեկույցում Հայաստանը 56-րդն է 180 երկրների շարքում, Ադրբեջանը՝ 104-ը  «Վարկանիշային աղյուսակը չափում է պետության ձեռքբերումները բնապահպանական վիճակի տեսանկյունից, հիմնվում է բնական պաշարների կառավարման 22 ցուցանիշների և 10 կատեգորիաների վրա»,– հայտարարել է Հայաստանի վարչապետը։
Կա նաև տասը տարվա դինամիկան՝ հավելում է Վարդան Ջհանյանը։ Հայաստանը բարելավում է իր դիրքերը, իսկ Ադրբեջանը՝ նահանջում է։ Բնապահպանական խնդիրների բարելավման տեսանկյունից  Հայաստանը առաջ է  անցել Հարավային Կորեայից, Իսրայելից։ Սրանք զարգացած երկրներ են, բայց Հայաստանը շատ ավելի բարձր դիրք է զբաղեցնում։  Ամբողջ ԱՊՀ երկրների շարքում մի քանի երկիր է, որ գերազանցում է  Հայաստանին։
«Այս փաստերը ցույց են տալիս, որ Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների թիրախավորված քայլերը անհիմն են։ Տեսնում ենք,որ դա մի ընդհանուր ծրագիր է, որը, երևի թե, Ադրբեջանի կառավարության կողմից է  ուղղորդված»,– ընդգծում է։
Բնապահպաններն ու հանքարդյունահանողները միասին կարող են պայքարել թշնամու դեմ
Հանքարդյունաբերական ընկերություններն ու հասարակական կազմակերպությունները համատեղ կարող են ադրբեջանական սադրանքների  դեմն առնել։ Հայաստանի հանքագործների ու մետալուրգների միությունը ողջունում է հուլիսի 20–ին՝ մի շարք խոշոր հասարակական կազմակերպությունների հայտարարությունը․ «Մենք ողջունում ենք, քանի որ իրականում տեսնում ենք, որ հասարակական կազմակերպությունները ռիսկերը տեսնում են ու խորը մտահոգություն են հայտնում  ադրբեջանական սադրանքների հետ կապված։ Իրականում մենք գնահատում ենք այն դերը, որ բնապահպանական հասարակական կազմակերպություններն ունեցել են Հայաստանում։ Նույն  Ադրբեջանում  այդ կազմակերպությունները չեն եղել, որի հետևանքով հիմա Ադրբեջանում բնապահպանական ավելի վատ իրողություն է, քան Հայաստանում։ Միակ հորդոր–խնդրանքը մեր կազմակերպություններից այն է, որ համատեղ աշխատենք, որպեսզի սադրանքի հետ կապված ռիսկերը նվազեցնենք»,– ասում է Վարդան Ջհանյանն ու ընդգծում՝ բիզնես–պետություն–հասարակական կազմակերպություններ․ համատեղ աշխատանքի շնորհիվ արդյունքի կհասնենք։