Կայացել է բյուջետային գործընթացի և բյուջեի կատարողականի վերլուծմանը նվիրված աշխատաժողով` տնտեսական լրագրողների համար
Հուլիսի 22-23-ին ԵՄ ֆինանսավորմամբ Բաց կառավարման գործընկերության նախաձեռնության ներքո ACSES վերլուծական կենտրոնը ( Սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների հայկական կենտրոն), «Բյուջեն մերն է․ բարելավելով բյուջեի հաշվետվողականությունն ու թափանցիկությունը» ծրագրի շրջանակում, Տնտեսական լրագրողների ակումբի հետ համատեղ կազմակերպել էր աշխատաժողով տնտեսական թեմաները լուսաբանող լրագրողների համար։
Բյուջետային գործընթացի և բյուջեի կատարման վերաբերյալ լրագրողների իրազեկվածությունը բարձրացնելու, այս ուղղությամբ լրագրողներին հետաքրքրող հարցերը պարզաբանելու նպատակով միջոցառմանը հրավիրված էին ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, բյուջետային գործընթացի համակարգման վարչության պետ Ռուզաննա Գաբրիելյանը։
Բացման խոսքում Վահան Սիրունյանը և ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկազ Ֆանյանն անդրադարձել են բյուջետային գործընթացի մասնակցայնության բարձրացման խնդրին և այդ հարցում լրագրողներին վերապահված մեծ դերին։ Ավելի լավ տիրապետելով բյուջետային գործընթացներին և ծանոթ լինելով տվյալների բազային՝ լրատվական դաշտում կունենանք բյուջեի կատարողականի վերաբերյալ համակողմանի և մասնագիտական վերլուծություններ, - համոզված էին բանախոսները։
Նախարարի տեղակալը կարևորել է նմանատիպ միջոցառումների կազմակերպումը` ընդգծելով լրագրողների դերը «բյուջետային գործընթացի պատշաճ լուսաբանման և կառավարության-քաղհասարակություն կապի ամրապնդման հարցում»:
Բյուջետային գործընթացի համակարգման վարչության պետ Ռուզաննա Գաբրիելյանն աշխատաժողովի մասնակիցներին է ներկայացրել բյուջետային համակարգի հիմնական սկզբունքները, բյուջետային գործընթացի փուլերը:
Միջոցառման գործնական փուլում Հայկազ Ֆանյանը լրագրողներին ներկայացրել է տվյալների աղբյուրները, դրանց հետ աշխատելու հմտությունները։