Հայտարարություն "Մեր Գյումրի" 2 ծրագրի վերաբերյալ

Հայտարարություն "Մեր Գյումրի" 2 ծրագրի վերաբերյալ
«Հայաստան» համահայկական հիմնադրամը Գյումրի քաղաքում Մուշ-2 թաղամասում ներկայումս իրականացնում է երկու բազմաբնակարան շենքերի կառուցապատման աշխատանքներ և քաղաքացիներից ստանում է բազմաթիվ դիմումներ՝ ծրագրի մեջ ընդգրկվելու համար։ Հիմնադրամը դիմումների ընդունման վերաբերյալ ոչ մի պաշտոնական հայտարարություն մինչ օրս չի տարածել, քանի որ ընտրության չափորոշիչները դեռևս սահմանված չէին, իսկ ծրագիրը դեռ նոր էր սկսվել։
Այժմ Հիմնադրամը սահմանել է շահառուների ընտրության հստակ չափորոշիչներ և այս պահից սկսած մեկնարկում է դիմումների ընդունումը՝ ըստ հաստատված դիմումաձևի։ Նախկինում ստացված դիմումները չեն համապատասխանում հաստատված ձևին և դրանցում ներկայացված տեղեկատվությունը թերի է։ Ուստի բոլոր այս դիմումատուները պետք է կրկին դիմեն հաստատված դիմումաձևի համաձայն։
Եթե համապատասխանում ենք ստորև սահմանված բոլոր պարտադիր չափորոշիչներին, ապա միայն այդ դեպքում լրացրեք Հիմնադրամի դիմում-հարցաթերթը և փոստով ուղարկեք Հիմնադրամի հասցեով՝ Երևան, 0024, Բաղրամյան 26/1, «Հայաստան» համահայկական հիմնադրամ։
Չափորոշիչներին չհամապատասխանող դիմումները չեն դիտարկվելու։ Դիմումների ձևաթղթերը հասանելի են հիմնադրամի կայքում՝ www.himnadram.org, Ֆեյսբուքյան էջում, ինչպես նաև Գյումրիի քաղաքապետարանի Համայնքի անշարժ գույքի կառավարման բաժնում։
Ծրագրի շահառու կհամարվեն այն ընտանիքները, որոնք միաժամանակ համապատասխանում են հետևյալ պարտադիր պայմաններին՝
- Երկրաշարժի ժամանակ տուն կամ բնակարան են կորցրել
- Երբևէ բնակարանի գնման վկայական (ԲԳՎ) կամ բնակարան չեն ստացել
- Երբևէ բնակարան չեն վաճառել
- Առնվազն վերջին 25 տարին բնակվում են քաղաք Գյումրիում /ներկայացնել համապատասխան հավաստող փաստաթուղթ/
- Բնակվում են տնակում կամ անօթևան են և չունեն այլ սեփական անշարժ գույք /ներկայացնել Կադաստրի պետական կոմիտեից ընտանիքի բոլոր չափահաս անդամներին սեփականության իրավունքով անշարժ գույքի բացակայության վերաբերյալ համապատասխան տեղեկանք/
- Բազմանդամ ընտանիք է կամ ունեն 1 և ավել անչափահաս երեխա /ներկայացնել բնակության հասցեով փաստացի բնակվող ընտանիքի անդամների վերաբերյալ տեղեկանք/։
Առաջնահերթության կարգով կդիտարկվեն անշարժ գույք չունեցող և 44-օրյա պատերազմում հաշմանդամություն ստացած և/կամ զոհված ընտանիքի անդամ ունեցող գյումրեցիների դիմումները։ Վերոհիշյալ պարտադիր չափորոշիչների միաժամանակյա համապատասխանությունը նշված անձանց նկատմամբ կարող է կիրառվել վերապահումով։
Հիմնադրամի կողմից դիտարկվելու են միայն ամբողջական լրացված (կից փաստաթղթերով) և բոլոր չափորոշիչներին համապատասխանող դիմումները։
Կրկին խնդրում ենք բոլոր նրանց, ովքեր չեն համապատասխանում պարտադիր չափորոշիչներից որևէ մեկին, դիմում չներկայացնել, քանի որ վերջիններս չեն դիտարկվելու։
Դիմումների ստացման վերջնաժամկետն է հոկտեմբերի 1-ը։