Ծովինար գյուղում կառուցվելու է խմելու ջրատարի արտաքին ցանց

Ծովինար գյուղում կառուցվելու է խմելու ջրատարի արտաքին ցանց

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար գյուղում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին  իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում  շուտով կմեկնարկեն 2,3 կիլոմետր երկարության խմելու ջրատարի արտաքին, 200 մետր երկարության ներքին ցանցի և  2 աղբյուրակապի կառուցման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Ծովինարի խմելու ջրատարի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 103 միլիոն 998 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

Ծրագրի իրականացման արդյունքում կհիմնանորոգվի Ծովինարի խմելու ջրատար ցանցը սնուցող երկու աղբյուրակապ, 2,3 կիլոմետր երկարության ջրատարի արտաքին ցանցի չուգունե խողովակները կփոխարինվեն պոլիէթիլենային ավելի մեծ տրամաչափի խողովակներով։ Կհիմնանորոգվի նաև 2-րդ թաղամասի 4-րդ փողոցի խմելու ջրատարը։

«Ծովինարի «Դուրան» տարածքով անցնող խմելու ջրատարի արտաքին ցանցում, որը կառուցվել էր նախորդ դարի 60-ական թվականներին, հաճախակի էին տեղի ունենում վթարներ, որոնց կարգավորումը շատ էր դժվարանում ձմռան ամիսներին։ Վթարները շատ էին նաև 2-րդ թաղամասի 4-րդ փողոցում, իսկ գլխամասային երկու աղբյուրակապերը գրեթե քայքայվել էին։ Այս ծրագրի իրականացման շնորհիվ Ծովինարում նկատելիորեն և որակապես կբարելավվի ջրամատակարարումը», - ներկայացրեց Ծովինար գյուղի վարչական ղեկավար Արայիկ Թարփոշյանը։