Բացվել և գործում է Վաղաշենի մանկապարտեզը

Արդեն երկրորդ ամիսն է, ինչ բացվել և գործում է Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վաղաշեն գյուղի մանկապարտեզը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մարտունի համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Շահինյանը, Վաղաշենի մանկապարտեզն իր գործունեությունը դադարեցրել էր 2012 թվականից՝ շենքային անբավարար պայմանների պատճառով։
Մանկապարտեզի շենքը հիմնանորոգվել էր ՀՀ կառավարության կողմից 2019-2020 թվականներին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Շինարարական աշխատանքների համար ծախսվել է 112 միլիոն 374 հազար դրամ, իսկ 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով մանկապարտեզը համալրվել է նաև գույքով։ Սուբվենցիոն մեկ այլ ծրագրով արևային ֆոտովոլտային կայան է տեղադրվել մանկապարտեզի շենքի տանիքին, որով էլ նախադպրոցական հաստատությունը հոգում է իր էլեկտրաէներգիայի կարիքները։
«Մանկապարտեզի բացմանը Վաղաշենի բնակչությունը երկար ու անհամբեր էր սպասում։ Իրականացված ծրագրերի շնորհիվ այն հիմնովին նորացվեց, ստեղծվեցին կրթական ու աշխատանքային գերազանց պայմաններ։ Մանկապարտեզը հիմնանորոգված է 4 խմբի համար՝ 120 տեղով։ Այս պահի դրությամբ արդեն այն գործում է 3 խմբով և կաշխատի շուրջտարյա»,-ներկայացրեց Արմեն Շահինյանը։