Արծվանիստ գյուղում հիմնանորոգվում է 6-րդ՝ դեպի դպրոց տանող փողոցը

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Արծվանիստ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում արդեն մեկնարկել են 6-րդ փողոցի հիմնանորոգման աշխատանքները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Արծվանիստի 6-րդ փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 63 միլիոն 885 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է 6-րդ փողոցի ասֆալտապատում՝ 750 մետր երկարությամբ և շուրջ 3500 քմ մակերեսով ջրահեռացման համակարգի տեղադրում։
2023 թվականի հուլիսի 25-ի դրությամբ իրականացվել են հողային աշխատանքներ։ Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել այս տարվա ընթացքում։
6-րդ փողոցը Արծվանիստ գյուղի դպրոց տանող ճանապարհներից մեկն է, որի հիմնանորոգմամբ կդյուրանա աշակերտների տեղաշարժը։