Apple-ը կբարձրացնի iPhone-ների գները և ավելի քիչ սմարթֆոն կարտադրի

Apple-ը կբարձրացնի iPhone-ների գները և ավելի քիչ սմարթֆոն կարտադրի

Apple ընկերությունը մտադիր է բարձրացնել iPhone 15 սմարթֆոնների Pro շարքի ֆլագմանային մոդելների գինը, նաև նախորդ տարվա համեմատ ավելի պակաս թվով նոր սմարթֆոններ կարտադրի այս տարի, այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Գործակալության տվյալներով՝ iPhone 15 Pro-ն և 15 Pro Max-ը ավելի թանկ կարժենան, քան դրանց նախորդները՝ iPhone 14 Pro-ն և 14 Pro Max-ը: Գործակալության աղբյուրներն ասել են, որ դրանով Apple-ը ցանկանում է ավելացնել իր եկամուտները սմարթֆոնների պահանջարկի սպասվող անկման պայմաններում։

Բացի դրանից, Apple-ը մտադիր է մինչև 2023-ի վերջը մատակարարել 85 միլիոն iPhone 15՝ նախորդ տարի մատակարարներից պատվիրված 90 միլիոն iPhone 14-ի փոխարեն:

Ինչպես նշում է Bloomberg-ը, ընկերության ծրագրերը դեռ վերջնական չեն, և Apple-ը միայն դիտարկում է գների բարձրացման հնարավորությունը։

Գործակալության տվյալներով՝ բազային iPhone 15 և 15 Plus սմարթֆոնների գինը չի փոխվի և կկազմի համապատասխանաբար 799 և 899 դոլար: Այդուհանդերձ, նույնիսկ ֆլագմանային մոդելների մոտավոր գինը մնում է անհայտ։

Ուշագրավ է, որ Apple-ն իր պրեմիում սմարթֆոնների գինը չի բարձրացրել 2019-ից ի վեր, երբ iPhone 11 Pro-ն և 11 Pro Max-ը շուկա դուրս եկան համապատասխանաբար 999 և 1099 դոլարով: Ընդորում, վերլուծաբաններն ու ինսայդերները նախկինում արդեն հայտնել են առաջատար iPhone 15 Pro-ի գնի ակնկալվող փոփոխության մասին: Իսկ պատճառն այն է, որ դրանում ավելի շատ պրեմիում դասի բաղադրիչներ և ավելի լավ սարքավորումներ կօգտագործվեն:

iPhone 15 շարքի շնորհանդեսը սպասվում է սեպտեմբերին, թեև ավելի վաղ հաղորդվում էր, շնորհանդեսը կարող է հետաձգվել մինչև 2023-ի հոկտեմբեր։