Հայաստանի կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկում Արցախ

Հայաստանի կառավարությունը հումանիտար օգնություն է ուղարկում Արցախ, որը գտնվում է ամբողջական շրջափակման մեջ Ադրբեջանի կողմից։
«Մարդասիրական օգնությամբ բեռնված երկու տասնյակ բեռնատար այսօր 400 տոննա հումանիտար օգնություն կհասցնի մինչև Կոռնիձոր, որտեղից նախատեսվում է ռուս խաղաղապահների միջոցով հումանիտար օգնությունը փոխանցել արդեն 227 օր շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի ժողովրդին», - ֆեյսբուքյան իր էջում մանրամասնել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։
Հուլիսի 25-ին Հայաստանի կառավարությունում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի ունեցած Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի հերթական նիստի ընթացքում որոշումներ են կայացվել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը պարենային և բժշկական հրատապ հումանիտար աջակցության վերաբերյալ: