ԱՄՀ-ն կանխատեսում է հացահատիկի գնի բարձրացում
Հացահատիկի Սեւծովյան նախաձեռնությունից Ռուսաստանի դուրս գալու համատեքստում հացահատիկի համաշխարհային գինը կարող է բարձրանալ 10-15 տոկոսով։ Այսպիսի հայտարարություն է արել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Հետազոտական դեպարտամենտի տնտեսական խորհրդական եւ տնօրեն Պիեռ-Օլիվիե Գուրինշան, տեղեկացրել է DW-ն։
«Հացահատիկի գործարքի» շնորհիվ հացահատիկի մեծ ծավալներ Ուկրաինայից կարող էին հասնել համաշխարհային շուկա, ինչը թուլացնում էր գնային ճնշումը պարենային ոլորտում, բացատրել է փորձագետը։
Նա նշել է, որ համաշխարհային տնտեսությունն ընդհանուր առմամբ աստիճանաբար վերականգնվում է Ուկրաինայում պատերազմի բացասական հետեւանքներից, ինչպես նաեւ դրան նախորդած COVID-19 համավարակից հետո։ «Կարճաժամկետ հեռանկարում առաջընթացի նշաններն անկասկած են։ Բայց առայժմ վաղ է ուրախանալ, քանի որ զգալի ռիսկեր են պահպանվում»,- նշել է Գուրինշան։
Նույն օրը ԱՄՀ հրապարակած գլոբալ իրավիճակային կանխատեսումը ավելի լավատեսական էր, քան անցածը, որը ներկայացվել էր ապրիլին։ Նոր տվյալների համաձայն՝ տնտեսագետներն ընթացիկ տարում սպասում են համաշխարհային ՀՆԱ 3,0 տոկոս աճ։ Համեմատության համար. ԱՄՀ-ն ապրիլին իջեցրել էր համաշխարհային տնտեսության աճի իր նախորդ ակնկալիքները 2,9-ից 2,8 տոկոսի։ ԱՄՀ 2024թ. կանխատեսումներն անփոփոխ են մնացել. համաշխարհային ՀՆԱ-ն եկող տարի կավելանա 3,0 տոկոսով, կարծում են փորձագետները։
Աղբյուրը՝ news.am