«Meta»-ն ու «Google»-ը հայտնվել են Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում․ ովքե՞ր են գլխավորում առաջին տասնյակը

«Meta»-ն ու «Google»-ը հայտնվել են Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում․ ովքե՞ր են գլխավորում առաջին տասնյակը

Ռուս-ուկրաինական պատերազմն ու Հայաստանի տնտեսական աճին նպատսող այլ գործոնները փոխել են խոշոր հարկատուների ցանկը։ Ինչպես այս տարվա առաջին եռամսյակում, այնպես էլ կիսամյակային տվյալներով հանքարդյունաբերության ոլորտը զիջել է դիրքրերը։ Առաջին տասնյակում նրանց փոխարինելու են եկել առևտրային բանկերն ու կենցաղային տեխնիկայի առևտրով զբաղվող, հատկապես Ռուսաստան արտահանող ընկերությունները։

«Meta Platforms»-ն ու «Google»-ը նույնպես խոշոր հարկատուների ցանկում են։ Այդ երկու ընկերությունը միասին 675 մլն դրամի հարկ են վճարել։ Առաջին կիսամյակում «Meta Platforms»–ը 2022–ի տարեկան ցուցանիշից  45 տոկոսով ավելի հարկային վճարումներ է կատարել։

Ավելի քան 874 միլիարդ 522 միլիոն դրամ՝ այս տարվա առաջին կիսամյակում։ Հազար խոշոր հարկատուները վեց ամսում պետական բյուջե այսքան գումար են փոխանցել։ Խոշոր հարկատուների տասնյակից պետբյուջե հավաքագրված հարկերի ծավալը կազմել է շուրջ 187 մլրդ 830 մլն դրամ։ 1000 խոշոր հարկատուների՝ հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 668 միլիարդ 245 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ շուրջ 206 միլիարդ 277 միլիոն դրամ։

Տնտեսագետ Ջուլիետա Թադևոսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝ մոտ 31 տոկոսը մաքսային մարմիններ կատարած գումարներն են․

« 2022-ին դրանք մոտավորապես 10 տոկոս են կազմել։ Սա փաստում է արտաքին առևտրաշրջանառության, ներմուծման ու մաքսային մարմիններ կատարված վճարումների մասին։ Շղթայական ռեակցիներ են, որոնք, բնականաբար, կապված են տնտեսությունում ստեղծված նոր իրավիճակի հետ»։

Օրբելի վերլուծական կենտրոնի հետազոտող Մերի Բոյաջյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հստակեցնում է՝ խոշոր հարկատուների ցանկում առկա է որոշակի կենտրոնացվածություն։ Հարկատուների վճարված հարկերի կեսից ավելին՝ 56․5 տոկոսը գոյացել է առաջին հարյուրյակի միջոցով։ Հարկատուների վճարած ընդհանուր հարկային եկամոտների 21․5 տոկոսը բաժին է ընկնում խոշոր հարկատուների տասնյակին։

«Սակայն մյուս կողմից այս ժամանակահատվածում խոշոր հարկատուների տասնյակի կողմից պետական բյուջե վճարված հարկերի ծավալը շուրջ 28 մլրդ դարմով նվազել է։ Սա հիմնականում պայմանավորված է ԶՊՄԿ-ի կողմից 2022-ին աննախադեպ ծավալով հարկային պարտավորությունների իրագործմամբ»։

Չնայած վճարած հարկերի շեշտակի նվազմանը, հանրապետության խոշորագույն հարկատուն շարունակում է մնալ հանքարդյունաբերող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»։ Ընկերությունն այս տարվա առաջին կիսամյակում 34.8 մլրդ դրամի հարկ է վճարել։ Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ այն եռակի նվազել է։ Տարվա առաջին կիսամյակում երկրորդ խոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիա»-ն է։ Ընկերության հարկերը կազմել են 30.6 մլրդ դրամ՝ նվազելով 7.3%-ով։ Հաջորդը «Գրանդ տոբակո» ընկերությունն է՝ 20.2 մլրդ դրամով և մոտ 1% աճով՝ մանրամասնում է տնտեսագետ Ջուլիետա Թադևոսյանը․

«Գաղտնիք չէ, որ մեր տնտեսությունը հիմնված է հանքարդյունաբերության վրա։ ԶՊՄԿ–ն առաջին հորիզոնականում է։ Բայց, եթե խոսենք ընդհանուր հանքարդյունաբերության մասին, այս ոլորտը հարկային մուտքերի առումով որոշակի հետընթաց է գրանցել, քանի որ առաջին տասնյակում չկան Թեղուտը, Սոթքը, Ագարակի կոմբինատները չկան։ Հանքարդյունաբերության ոլորտի հարկերի նվազում է արձանագրվել»։

Տարիներ շարունակ առաջին տասնյակում գտնվող «Գեոպրոմայնինգ» ընկերությունը, եթե առաջին եռամսյակում 92-րդ տեղում էր, կիսամյակային ցուցանիշով այժմ 120-րդն է։ Սոթքի հանքավայրը շահագործող այդ ընկերությունն իր արտադրական հզորություններից զրկվել է 44-օրյա պատերազմից հետո, երբ թշնամուն մնաց հանքավայրի մեծ մասը։  

Ռուս-ուկրաինական պատերազմն ըստ էության նոր իրավիճակ ստեղծեց տնտեսությունում։ Հակամարտության հենց սկզբից Հայաստան եկան մեծ թվով այցելուներ, բացվեցին նոր աշխատատեղեր, ավելացան բանկային փոխանցումները։ Ըստ էության, այս զարգացումներն էլ ձևավորել են խոշոր հարկատուների ցանկը։

Օրբելի վերլուծական կենտրոնի հետազոտող Մերի Բոյաջյանը ընդգծում է՝ առևտրի ու բանկային ոլորտի ընկերություններն են հայտնվել խոշոր հարկատուների ցանկում ՝ գրանցելով դիրքային փոփոխություններ․

«Արդի պայմաններում տնտեսության ճյուղերից առավել ակտիվություն ապահովողներից մեկը առևտրի ոլորտն է, ինչը տնտեսական աճին նպաստող հիմնարար գործոններից մեկն է»։

Այս տարվա առաջին կիսամյակի 6-րդ խոշոր հարկատուն «Մոբայլ Սենթր Արթ»-ն է։ Ընկերությունը վեց ամսում վճարել է մոտ 16 մլրդ դրամ հարկ, աճը՝ 6.8 անգամ։ Այդ և ոլորտի այլ ընկերությունների հարկերի կտրուկ աճին, փորձագիտական գնահատականներով, նպաստել են Հայաստանից Ռուսաստան կենցաղային տեխնիկայի վերաարտահանումները։ Դրանք էլ իրենց հերթին պայմանավորված են Ռուսաստանի նկատմամբ Արևմտյան պատժամիջոցներով։      

2023-ի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ ինչպես եռամսյակային, այնպես էլ կիսամյակային ցուցանիշերում առաջին տասնյակում ներառվել են առևտրային բանկերը։  

«2023 թվականի առաջին կիսամյակում 17 առևտրային բանկեր ընդգրկվել են խոշոր հարկատուների ցանկում։ Նրանք միասին վճարել են ավելի քան 93 մլրդ դրամ հարկային եկամուտներ։ «Ամերիաբանկն» ու «Արդշինբանկը» հայտնվել են խոշոր հարկատուների տասնյակում։ 17 առևտրային բանկերից 14-ը ներառված են հարյուրյակում»։

1000 խոշոր հարկատուների ցանկում են նաև «Meta Platforms»-ը (335-րդ տեղում) և «Google Commerse Limited»-ը (888-րդ տեղում)։ Այդ երկու ընկերությունը միասին 675 մլն դրամի հարկ են վճարել։

Աղբյուրը՝   armradio.am