Անշարժ գույքի առաջնային շուկան կպասիվանա. «Փաստ»

Անշարժ գույքի առաջնային շուկան կպասիվանա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Այս տարվա ընթացքում արձանագրված ցուցանիշները հաշվի առնելով՝ անշարժ գույքի գործակալության հիմնադիր-տնօրեն Անդրանիկ Հարությունովը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ շուկայում 2022-ի համեմատ ցուցանիշները մի փոքր ցածր են։ 

«Եթե համեմատում ենք նախորդ տարվա հետ, ցուցանիշները տարբեր են, քանի որ նախորդ տարի շուկան շատ ակտիվ է եղել՝ պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով։ Բայց վերջին 5-6 տարվա կտրվածքով յուրաքանչյուր տարի մեզ մոտ թե՛ գների, թե՛ գործարքների աճ է գրանցվել, ուղղակի նախորդ տարին տարբերվում էր։ Եթե այս տարվա ակտիվությունը համեմատենք ոչ թե նախորդ, այլ 2021-ի հետ, կարող ենք ասել, որ այդ առումով ամեն ինչ անշարժ գույքի շուկայում նորմալ հունով է ընթանում։ 

Բայց եթե նախորդ տարվա հետ համեմատենք, ցուցանիշները մի քիչ ցածր են։ Դա նաև կախված է նրանից, թե որ շուկան ենք համեմատում։ Այսինքն, պետք է տարբերակենք վարձակալության շուկան, երկրորդային շուկան՝ հին շենքերը, որոնք արդեն շահագործման են հանձնված, և առաջնային շուկան, երբ կառուցապատողները կառուցում ու վաճառում են»,-ասաց մեր զրուցակիցը։ Նա նշեց, որ նախորդ տարի շատ ակտիվ էր վարձակալության շուկան, քանի որ մարդկային աննախադեպ քանակի հոսք եղավ։ «Երկրորդային շուկան ևս ակտիվ էր, քանի որ եկողներից շատերն ազգությամբ հայեր էին։ Նրանք սկսեցին միանգամից տուն ձեռք բերել, որովհետև վարձակալության շուկայում գները բավականին բարձրացել էին։ Շատերը, տեսնելով, որ վարձակալության գները բարձր են, որ բնակարան ձեռք բերելն ու վարձակալության հանձնելն ավելի եկամտաբեր է, սկսեցին բնակարան գնել։ Մի կարևոր հանգամանք էլ կար՝ տարադրամի տատանումները։ Նրանք, ովքեր խնայողություն ունեին, անշարժ գույք դարձրեցին, որ հետագայում միջոցների արժեզրկման խնդրի առջև չկանգնեն։

Այս գործոններով պայմանավորված՝ նախորդ տարի վարձակալության շուկայի աննախադեպ պահանջարկ ունեինք, բարձր էին նաև երկրորդային շուկայի վաճառքների ցուցանիշները։ Այս ֆոնին նշված երկու շուկաներում էլ գները բարձրացան, իսկ առաջնային շուկան կայուն տեմպով առաջ է գնում։ Անգամ նոր նախագծեր են ավելանում, և ոչ ոք դեռ վաճառքի պակասի խնդիր չունի»,-ընդգծել է նա»։ Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։ 

Աղբյուրը՝   shabat.am