Կառավարությունը 158.3 մլն դրամ կհատկացնի նոր ջերմատների կառուցման համար

Կառավարությունը 158.3 մլն դրամ կհատկացնի նոր ջերմատների կառուցման համար

ՀՀ կառավարությունը հուլիսի 27-ի նիստում ընդունել է «ՀՀ ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագիծը։

Ծրագրի իրականացումը կնպաստի Հայաստանում գյուղատնտեսական արտադրության և արտահանման ծավալների ավելացմանը, գյուղատնտեսությունը որպես շահութաբեր բիզնես վերագործարկմանը։ 

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2023-2026 թվականներին։ 2023 թ․ բյուջեով ջերմատների կառուցման ծախսերը գնահատվել են շուրջ 158.3 մլն դրամ։

Ծրագրով նախատեսվում է յուրաքանչյուր շահառուի ջերմատան կառուցման համար տրամադրել վարկ՝ առավելագույնը 8 տարի ժամկետով և 3 մլրդ դրամի չափով, որը համապատասխանում է շուրջ 4 հա մակերեսով ջերմատան կառուցմանը։

Շահառուի դիմումով կարող է սահմանվել վարկի մայր գումարի և տոկոսադրույքի համար արտոնյալ ժամկետ՝ առավելագույնը 12 ամիս։ Վարկավորումը նախատեսած է 2023 թ․ օգոստոսի 1-ից հետո։

Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր շահառուի կողմից հիմնվող ջերմատան առավելագույն մակերեսի սահմանափակում չի նախատեսվում։ Ջերմատան կառուցման համար սահմանված առավելագույն ժամկետը 1․5 տարի է։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության գնահատմամբ` 35 հա ջերմատան շահագործման դեպքում պետական բյուջեի մուտքերը յուրաքանչյուր տարի եկամտային հարկի գծով կկազմեն շուրջ 168 մլն դրամ, իսկ 35 հա ջերմատան կառուցապատման դեպքում` շուրջ 490 մլն դրամ։

Նախագծի հիմնավորման մեջ նաև նշվում է, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով՝ բանջարանոցային մշակաբույսերի համախառն բերքը 2021 թ-ին կազմել է 503.7 հազար տոննա, ինչը ներառում է 945 հա ջերմոցներից և ջերմատներից հավաքված 89.6 հազար տոննա բանջարանոցային մշակաբույսերի բերքը: