Մարզպետ Սեդրակ Թևոնյանը շրջայց է կատարել Արարատ համայնքում

Մարզպետ Սեդրակ Թևոնյանը շրջայց է կատարել Արարատ համայնքում

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն աշխատանքային այցով եղել է Արարատ համայնքում, բնակավայրերում ծանոթացել Կառավարության 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներին։

Մարզի ղեկավարին ուղեկցել են Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը, մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանը, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուները։

Զանգակատուն բնակավայրում մարզպետը եղել է Պարույր Սևակի տուն–թանգարան տանող ճանապարհահատվածում, որը հիմնանորոգվել է այս տարվա սուբվենցին ծրագրով՝ պետություն– համայնք համաֆինասավորմամբ։

430 գծմ երկարությամբ ճանապարհահատվածը գտնվում էր ոչ բարեկարգ վիճակում, ծրագրի իրականացման համար ծախսվել է 17 միլիոն դրամ։

Զանգակատանն ընթացքի մեջ է նաև ներհամայնքային փողոցների ասֆալտապատումը, որը նույնպես իրականացվում է այս տարվա սուբվենցիոն ծրագրով։

Մարզպետի հաջորդ կանգառը եղել է Սուրենավան բնակավայրում, որտեղ ընթացքի մեջ է բնակավայրի կարևորագույն հիմնախնդիրներից մեկի լուծումը․ Կառավարության աջակցությամբ Սուրենավանի բնակիչները շուտով կունենան բնական գազ։

Նշենք, որ պետություն–համայնք համաֆինանսավորմամբ կգազաֆիկացվեն նաև Արարատ համայնքի Երասխ, Արմաշ և Ավշար բնակավայրերը։ Կառավարության 2022–2023 թ․թ․ սուբվենցիոն ծրագրով այս բնակավայրերում կառուցվել է գազատարը, այժմ ընթանում են ներտնտեսային ցանցի կառուցման աշխատանքները, որի ավարտը նախատեսված է հաջորդ տարի։

Ավշար բնակավայրում էլ մարզպետին են ներկայացրել կառուցվող մանկապարտեզի և հարակից տարածքի շինարարական աշխատանքների ընթացքը։ Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 246 միլիոն 735 հազար դրամ: Միջոցների 70%-ը տրամադրվել է պետական բյուջեից, մյուսը մասը՝ համայնքի:

170 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի շինաշխատանքները նախատեսվում են ավարտել առաջիկա ամիսներին:

Ավշար բնակավայրում արդեն ավարտվել են նաև Բարեկամության և Թովմասյան փողոցների ասֆալտապատման աշխատանքները, շուտով կբարեկարգվեն նաև Ազատության և Խաչատրյան փողոցները։

2023 թվականի սուբվենցիոն ծրագրով այստեղ բարեկարգվելու է ընդհանուրը 7500 գծմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատված։ Ծրագրի արժեքը կազմում է 103 564 800 ՀՀ դրամ։

ՈԿՖ բանավանում էլ մարզպետին ներկայացրել են այս տարվա սուբվենցիոն ծրագրով նոր կոյուղագծի կառուցման աշխատանքները։ Այս ծրագրի իրականացմամբ հնարավորություն կստեղծվի Արարատ քաղաքի ՈԿՖ բանավանում ունենալ անխափան ջրահեռացման համակարգ՝ բարելավվելով բնակիչների կենցաղային խնդիրները։ Կառուցվող 2645 գծամետր երկարությամբ կոյուղագիծը կսպասարկի ՈԿՖ բանավանի թվով 1300 տնտեսությանը։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 126 480 000 ՀՀ դրամ դրամ։

Մարզպետ Սեդրակ Թևոնյանը բնակավայրերում հանդիպումներ է ունեցել նաև բնակիչների հետ, լսել նրանց կողմից ներկայացված բոլոր խնդիրները։