Գագարինում խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման համակարգերի կառուցման աշխատանքներն իրականացված են շուրջ 80 տոկոսով

Գագարինում խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման համակարգերի կառուցման աշխատանքներն իրականացված են շուրջ 80 տոկոսով

Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի Գագարին գյուղում խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման համակարգերի կառուցման աշխատանքները, որոնք մեկնարկել էին 2021 թվականից, «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր-փուլ 3․ Հայաստան, ջրամատակարարում եւ ջրահեռացում» ծրագրի շրջանակներում, արդեն իրականացվել են շուրջ 80 տոկոսով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց  «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր-փուլ 3․ Հայաստան, ջրամատակարարում եւ ջրահեռացում» ծրագրի ղեկավար Հրաչ Զալինյանը, Գագարինի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 624 հազար 326 եվրո։ Ծրագրով նախատեսվում է 4200 մետր երկարության խմելու ջրատարի, ջրահեռացման համար 1 պոմպակայանի, 1270 մետր երկարությամբ տնային միացումների,  օրվա կարգավորիչ ջրամբարի եւ 1065 մետր երկարությամբ կոյուղու կառուցում։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության, Գերմանիայի Դաշնային Հանրապետության KfW բանկի, «Եվրոպական ներդրումային բանկի» եւ Եվրամիության ֆինանսական միջոցների հաշվին, «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» միջոցով։

«Գագարինի  ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերում անկառավարելի, անհաղթահարելի վիճակ էր առաջացել, իրավիճակը բնակիչները  մի կերպ էին հաղթահարում։ Ծրագրի իրականացման արդյունքում շուտով գագարինցիները կունենան շուրջօրյա ու որակյալ ջրամատակարարում, կոյուղաջրերի անխափան հեռացման համակարգ։  2023 թվականի հուլիսի 27-ի դրությամբ Գագարինում ավարտված են 4200 մետր երկարությամբ խմելու ջրատարի ներքին ցանցի,  1 պոմպակայանի, 1065 մետր երկարության կոյուղագծերի կառուցման աշխատանքները։ Մնում են միայն տնային միացումների աշխատանքները եւ օրվա կարգավորիչ ջրամբարի կառուցումը, որից հետո ծրագիրն ամբողջությամբ կավարտվի»,- նշեց Հրաչ  Զալինյանը։