Երևանի մետրոպոլիտենում նախատեսվում է գերժամանակակից ռադիոկապի և սարքավորումների պիլոտային ծրագրի ներդրում

Երևանի մետրոպոլիտենում նախատեսվում է գերժամանակակից ռադիոկապի և սարքավորումների  պիլոտային ծրագրի ներդրում

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն աշխատանքային այցով գտնվում է Իսպանիայում։

Ըստ  Երևանի մետրոպոլիտենի ֆեյսբուքի էջի հաղորդագրության՝ Զարագոզա կատարած այցի ընթացքում մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ -ն հանդիպել է ռադիոկապի համակարգեր և սարքավորումներ արտադրող աշխարհի խոշորագույն «Տելտրոնիկ» ընկերության տնօրինության հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր՝ կարևորելով փոխադարձ այցելությունները, տեսակոնֆերանսները և պարբերական խորհրդակցությունների անցկացումը:

Բաբկեն Սեդրակյանը շնորհակալություն է հայտնել ընկերության տնօրենին հրավերի և հանդիպման համար և ընդգծել, որ նման հանդիպումները առանցքային հարցերին անձամբ անդրադառնալու լավ առիթ են, դրանք հնարավորություն են տալիս բարձրացնել  ոլորտային խնդիրներն ու քննարկել դրանց լուծման ուղիները։

Հանդիպման ավարտին ձեռք է բերվել առկա կարիքները գնահատելու և հետագա աշխատանքնրը համակարգելու պայմանավորվածություն,  ինչպես նաև քննարկվել է Երևանի մետրոպոլիտենում գերժամանակակից ռադիոկապի և սարքավորումների  պիլոտային ծրագրի անվճար ներդրմանը վերաբերող մի շարք հարցեր։

Պիլոտային ծրագրի նպատակն է՝ մեքենավար-դիսպետչեր կապի անխափան ապահովումը, անվտանգության նկատառումներից ելնելով՝ շարժակազմերի մեջ «սև արկղեր»-ի տեղադրումը։