Հայաստանի ՄԻՊ-ն Ադրբեջանի կողմից առևանգված բուժառուի հարցով կդիմի միջազգային կազմակերպություններին
Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա տղամարդուն ադրբեջանցիների կողմից արգելանքի վերցնելու դեպքի առնչությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնում են․
«Ստացված տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանն արգելանքի է վերցրել բուժման նպատակով Կարմիր խաչի միջոցով այսօր՝ հուլիսի 29-ին ՀՀ բուժհաստատություն տեղափոխվող Լեռնային Ղարաբաղի 68-ամյա քաղաքացուն:
Խնդրի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կապ է հաստատել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործընկերների հետ, շարունակում է իրականացնել փաստահավաք աշխատանքներ:
Դեպքի առնչությամբ մանրամասներ ճշտելուց հետո Պաշտպանը կդիմի նաև մարդու իրավունքների մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին»:
Հուլիսի 29-ին ավելի վաղ նաև հայտնի էր դարձել, որ 68-ամյա բուժառուն, ով Լեռնային Ղարաբաղից Հայաստան բուժօգնության էր տեղափոխվում՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ, առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից ապօրինի տեղադրված անցակետում։ Ոչ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները, ոչ ռուս խաղաղապահները տեղյակ չեն Ադրբեջանի կողմից ապօրինաբար առևանգված քաղաքացու գտնվելու վայրի մասին: