Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ Գյումրիում քննարկվել է Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպման ընթացքը

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ Գյումրիում քննարկվել է Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպման ընթացքը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ Շիրակի մարզպետի աշխատակազմում հուլիսի 30-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի, Գյումրի համայնքի, ուժային կառույցների ղեկավարների, մարզպետի աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ։

Ըստ Վարչապետի աշխատակազմի մամուլի հաղորդագրության՝ քննարկվել են Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Արայիկ Հարությունյանը հետաքրքրվել է արդեն իրականացված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքներով` նշելով, որ ամեն ինչ պետք է արվի Համահայկական խաղերը բարձր մակարդակով անցկացնելու համար:

Շիրակի մարզպետը հավաստիացրել է, որ ջանք ու եռանդ չի խնայվում յուրաքանչյուր խնդրի լուծման համար։

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել յուրաքանչյուր գերատեսչության անելիքներին, բոլոր ծառայությունների փոխկապակցված աշխատանքին, ընդգծվել է յուրաքանչյուր կառույցի կողմից նախանշված քայլերը սահմանված ժամանակացույցով իրականացնելու անհրաժեշտությունը:

Հաջորդիվ Արայիկ Հարությունյանն այցելել է Գյումրիի քաղաքային մարզադաշտ, որտեղ տեղի է ունենալու Համահայկական խաղերի բացման արարողությունը: Խաղերի բացման արարողության պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանն ու միջոցառման բեմադրիչ Արամայիս Հայրապետյանը ներկայացրել են արարողության բեմականացմանն ու միջոցառման ծրագրին առնչվող մանրամասներ։

Մարզադաշտին հարակից փողոցը ասֆալտապատման փուլում է: Իրականացվել են երթևեկելի մասի 2380 քառակուսի մետր երկշերտ ասֆալտապատման մայթերի կառուցման աշխատանքեր։ Քաղաքային մարզադաշտի արևմտյան կողմի տարածքի հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար հատկացվել է 66 մլն 417 հազար դրամ։

Հուլիսի 30-ին անցկացվել են նաև Համահայկական ամառային 8֊-րդ խաղերի ֆուտբոլի ու ֆուտզալի ենթախմբային մրցումների վիճակահանությունները, որոնց ևս ներկա են գտնվել Արայիկ Հարությունյանը, մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Իշխան Զաքարյանը: Վիճակահանության արդյունքների հիման վրա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առաջիկա օրերին կկազմի խաղացանկերը և կհայտարարի մրցավայրերը։