ՎԶԵԲ-ը և ԵՄ-ն 5 մլն եվրո են տրամադրել Հայէկոնոմբանկին՝ ՓՄՁ ոլորտի վարկավորման նպատակով

ՎԶԵԲ-ը և ԵՄ-ն  5 մլն եվրո են տրամադրել  Հայէկոնոմբանկին՝ ՓՄՁ ոլորտի վարկավորման նպատակով

ՎԶԵԲ-ն աջակցում է Հայաստանի մասնավոր հատվածին՝ տեխնոլոգիաները ԵՄ չափանիշներին համապատասխան արդիականացնելու գործում

Ֆինանսավորումը կօգնի ՓՄՁ-ներին ներդրումներ կատարել կանաչ տեխնոլոգիաներում

Վարկերը համալրված են տեխնիկական խորհրդատվություններով և ԵՄ-ից խրախուսական դրամաշնորհներով

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ)  Հայէկոնոմբանկին տրամադրում է 5 մլն եվրո գումարի չափով ֆինանսական աջակցություն՝ դյուրացնելու մասնավոր հատվածի անցումը դեպի ավելի կայուն, ցածր ածխածնային և կլիմայի փոփոխության նկատմամբ դիմացկուն գործելակերպ: Ծրագրին աջակցում է Եվրոպական միությունը (ԵՄ)՝ Հայէկոնոմբանկի միջոցով հատկացնելով դրամաշնորհային խրախուսական միջոցներ: Այս մասին  ejc.am-ին տեղեկացնում են ՎԶԵԲ-ի լրատվական ծառայությունից:

Ըստ այդ տեղեկատվության՝ փաթեթը տրամադրվում է ԵՄ-ն Բիզնեսի համար-ՎԶԵԲ վարկային գծի շրջանակներում՝ առաջարկելով խթաններ արտահանման ներուժ ունեցող տեղական փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) հետագա վարկավորման համար՝ կլիմայի փոփոխության մեղմացմանն ու հարմարվողականությանն ուղղված ներդրումներ իրականացնելու նպատակով։ Այն նաև կօգնի ՓՄՁ-ներին արդիականացնել տեխնոլոգիաներն ու ծառայությունները ԵՄ չափանիշներին համապատասխան՝ միաժամանակ խթանելով «կանաչ» տեխնոլոգիաների օգտագործումը: Սա տվյալ ծրագրի շրջանակներում Հայաստանում ստորագրվող չորրորդ նախագիծն է:  

ԵՄ-ն Բիզնեսի համար-ՎԶԵԲ վարկային գիծը առաջատար նախաձեռնություն է, որն օգնում է տեղական ընկերություններին բարելավել իրենց մրցունակությունը երկրի ներսում և արտերկրում՝ արդիականացնելով իրենց արտադրական հզորությունները և գործընթացները ԵՄ չափանիշներին համապատասխան։ Ընկերությունները կկարողանան բարելավել իրենց աշխատակիցների աշխատանքային պայմանները և խթանել շրջակա միջավայրի կայունությունը: Վարկի միջոցների առնվազն 70 տոկոսը կուղղվի «կանաչ» տեխնոլոգիաների ոլորտում ներդրումների ֆինանսավորմանը` ՎԶԵԲ-ի՝ Անցում դեպի կանաչ տնտեսություն (GET) մոտեցման համաձայն։ Վարկառուները կարող են ստանալ խրախուսական դրամաշնորհներ և տեխնիկական խորհրդատվություն՝ երկուսն էլ ֆինանսավորվում են Եվրոպական միության կողմից ԵՄ-ն Բիզնեսի համար նախաձեռնության շրջանակներում։ Ծրագիրը հասանելի է նաև Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում։

Հայաստանում ՎԶԵԲ-ի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն ասել է․«Ուրախ ենք մեր երկարամյա գործընկեր Հայէկոնոմբանկի հետ միասին ընդլայնել մեր աջակցությունը Հայաստանի ՓՄՁ-ներին: Ֆինանսավորման նպատակն է․ նպաստել հայաստանյան ընկերությունների մրցունակության բարձրացմանը՝ օգնելով ներդրումներ կատարել ժամանակակից տեխնոլոգիաներում, ինչը թույլ կտա ընկերություններին ամրապնդել իրենց գործունեությունը տեղական մակարդակում և օգտվել միջազգային առևտրի հնարավորություններից»:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինն ասել է․ «ԵՄ-ն հանձնառու է աջակցել փոքր բիզնեսի աճին և կայունությանը։ Այդ նպատակով ԵՄ-ն Բիզնեսի համար–ՎԶԵԲ ծրագիրը աջակցում է ՓՄՁ-ներին՝ տրամադրելով թիրախային ֆինանսավորում «կանաչ տեխնոլոգիաների» համար: ԵՄ-ի ընդհանուր ներդրումը ԵՄ-ն Բիզնեսի համար–ՎԶԵԲ ծրագրում, որն ընդգրկում է մի շարք հայաստանյան բանկեր, կազմում է 6 միլիոն եվրո»:

ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրող է: Մինչ օրս Բանկը Հայաստանում ներդրել է ավելի քան 1,67 միլիարդ եվրո 195 ծրագրում՝ երկրի ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկ ոլորտներում, ընդ որում այդ ներդրումների 91 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածին: