Պղնձի արդյունահանումը Հայաստանի Հանրապետությունում

Պղնձի արդյունահանումը Հայաստանի Հանրապետությունում

Tvyal.com հարթակի ղեկավար, ՀՊՏՀ դոցենտ, տնտեսագետ Աղասի Թավադյանի վերլուծությունը 

Պղնձի պատմություն
2021թ. Հայաստանի արտահանման 30.6% տոկոսը պղնձի հանքաքարն էր (923,3 մլն դոլար, առևտրաշրջանառության հոդված 26): 2022թ այդ ցուցանիշի կշիռը ընդհանուր արտահանման մեջ իջավ մինչև 17.2% (922,2 մլն դոլար), իսկ 2023թ. առաջին 5 ամսիների ընթացքում մինչև 10.5%: Այս տենդենցը հիմնականում պայմանավորված էր վերաարտահանման աճի հաշվին և պղնձի հանքաքարի արտահանման տուրքով:

Հայաստանի հանքարդյունաբերության զգալի մասը արտահանվում է Եվրոպա: Տվյալ ուղղությամբ արտահանման զգալի մասը հանքաքարն է:

Առաջին գծապատկերում Հայաստանի պղնձի տարեկան արտահանումն է: Ինչպես երևում է 2010թ. արտահանման 9.6%-ը պղինձյա իրերն էին: 2018թ. արտահանման դեվերսիֆիկացիայով պայմանավորված այդ տոկոսն իջավ 2.8%: Հիմնականում արտահանվում էր պղնձե անոդ էլեկտրական զտման (մաքրման) համար (առևտրաշրջանառության դասիչ 7402): Այս դասիչը 2019թ. արտահանման մեջ արդեն բացակայում է: Հարց է առաջանում թե ինչո՞վ էր պայմանավորված այս կրճատումը, եթե պղնձի հանքաքարի վերամշակումը կարևորվում է Հայաստանի տնտեսության համար: Մինչև 2018թ. բացի Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներից, որոնք գտնվում էն Սյունիքի մարզում, գործում էր նաև Լոռու մարզում գտնվող Ալավերդու պղնձաձուլական գործարանը, որն ըստ անվան զբաղված էր պղինձ ձուլելով, այլ ոչ թե հանքաքարի կորզմամբ: 2018թ. հոկտեմբերի 11-ին Ալավերդու պղնձաձուլական գործարանը վերջնագիր ներկայացրեց կառավարությանը՝ պահանջով, որ թույլ տրվի մինչև 6 անգամ գերազանցել արտանետումների՝ դեռևս 2015 թվականին կառավարության որոշմամբ սահմանված նորմերն ու դրա դիմաց տուգանքներ չկիրառել։ Գործարանը ճգնաժամի մեջ էր հայտվել կառավարության 800 հազար դոլարի չափով տուգանքներից հետո և ստիպված փակվեց [1]: Առևտրաշրջանառության 7402 դասակարգիչը (պղնձե անոդ էլեկտրական զտման համար), որը մինչև 2018թ. մեծ կշիռ ուներ արտահանման մեջ, լիարժեքորեն զտված պղինձ չէ և այս գործընթացը կարող է բավականին աղտոտիչ լինել բնության համար, սակայն կարելի էր ներդրումներ կատարել ավելի քիչ արտանետումներ ունենալու համար:

Հետաքրքիր է, որ 2022թ. առկա է 7403` զտված պղինձ և չմշակված ձուլվածք հոդվածի աճ: Ուշադրություն դարձնենք նաև դեռևս Խորհրդային Միության ժամանակից մնացած 7404 պղնձի ջարդոնի և թափոնի արտահանման դադարման փաստի վրա: Զտված պղնձի աճը պայմանավորված է 2021թ նոյեմբերի 4-ից մինչև 2023թ. հունվարի 1-ը կառավարության կողմից կիրառվող հում հանքաքարի արտահանման տուրքով [23]: 1 տոնայի հաշվով սահմանվել էր 160 հազար դրամ տուրք (բացառությամբ ԵԱՏՄ երկրներ): Ուժի մեջ էր նաև մոլիբդենի խտահանքի (2613) արտահանման տուրքը` 800 հազար դրամ չափով տոննայի դիմաց (այս հանգամանքով պայմանավորված գրանցվեց մոլիբդենի արտահանման աճ դեպի ԵԱՏՄ):

Հաշվի առնելով որ այդ ժամանակահատվածում արտահանվել է 478 հազար տոննա պղնձի հանքաքար և խտանյութ (2603) և 9.6 հազար տոննա մոլիբդենի խտանյութ` ընդհանուր տուրքի վճարը կազմել է մոտ 87 մլրդ դրամ (հաշվարկից հանվել են ԵԱՏՄ երկրները):

Սա նույնպես երևում է 1000 խոշոր հարկատուների ցանկում, որտեղ ԶՊՄԿ-ն 2022թ. վճարել է 143.9 մլրդ հարկ, որից 68%-ը կամ 98 մլրդը կազմել են այլ հարկերն ու տուրքերը ի տարբերություն 2021թ. երբ ԶՊՄԿ-ն վճարել է 48.8 մլրդ դրամ: Այս տուրքը կազմել է 2022թ. ընդհանուր հարկային մուտքերի 5-6%-ը: Այս տուրքի ուժը կորցրեց 2023թ. սկզբին և ինչպես երևում է երկրորդ գծապատկերում ԶՊՄԿ հարկային մուտքերը 2023թ. կտրուկ պակասեցին: Միայն 2023 թվականի առաջին եռամսյակում համեմատած նախորդ տարվա առաջին եռամսյակի հարկային մուտքերը պակասեցին ավելի քան 2 անգամ: Ագարակի պղնձամոլեբդենային կոմբինատը 2022 թվականին խոշոր հարկատուների ցանկում 5-րդ հորիզոնականում էր, իսկ Թեղուտ ընկերությունը՝ 14-րդ: Այս 2 ընկերությունները բացակայում են 2023թ. առաջին եռամսյակի խոշոր հարկատուների ցանկում:

 

Փաստացի նույն քանակությամբ հումք արտահանելով ԶՊՄԿ-ն և ԱՊՄԿ-ն համապատսախնաբար 3 և 5 անգամ ավելի շատ հարկային մուտքեր են կատարել պետական բյուջե: Այս տուրքի արդյունքում ԶՊՄԿ-ն իր բաժնետոմսերի սկզբում 15%-ը (2021թ․ սեպտեմբերի 30), հետո նաև 6,8 %-ը (2022թ. մարտի 24) ընծայեց Հայաստանի Հանրապետությանը [45], որից հետո նոր օրենք ընդունվեց տվյալ տուրքի ուժը կորցնելու մասին: Կարելի է ենթադրել որ սա է հանդիսացել պատճառը նաև, որ 2021թ. կեսերից սկսված գրանցվեց զտված պղնձի և չմշակված ձուլվածքի (7403) անսպասելի արտահանում և աճ (գծապատկեր 1): Նաև հետաքրքիր է որ նշված գործարքից հետո 2023թ. հունվարի մեկից հանվել է նշված տուրքը և այս տարվա սկիզբ ունենք 7403-ի արտահանման որոշակի անկում: Հոսանք պատրաստի պղինձի աճը կշարունակվի:

Հանքարդյունաբերությունը կարող է ինչպես դրական այնպես էլ բացասական ազդեցություն ունենալ տնտեսության երկարաժամկետ զարգացման վրա: Եթե պետությունը շեշտը դնում է միայն հումքի արտահանման վրա, ապա դա իր մեջ կրում է ավելի շատ բացասական, քան դրական հետևանքներ: Պետությունը պարզապես դառնում է «հանք», որն իր կարիքները բավարարելու համար արտահանում է իր հողը` աղտոտելով բնական միջավայրը և հարստացնելով մի քանի ընտրյալների: Այս պարագայում առկա է նաև Հոլանդական հիվանդության ի հայտ գալու վտանգը: Նշեմ որ հումքը ցանկացած զարգացած պետություն միշտ պատրաստ է գնել անկախ այլ հանգամանքների:

Ճիշտ երկարաժամկետ քաղաքականությունը հարակից ճյուղերի ձևավորումն է հումքի վերամշակման հիման վրա: Այս պարագայում ստեղծվում են հարակից ճյուղեր, նոր աշխատատեղեր և մեծանում է տվյալ ապրանքի ավելացված արժեքը: Օրինակ, պղնձի վերամշակման վրա կարող են ստեղծվել շինարարական, մեքենաշինական, ինչպես նաև ինդուստրիալ պղնձե ապրանքների ծան ճյուղեր, շարժիչներ և ամենավերջում՝ միկրոէլետրոնիկա: