Գեղարքունիք գյուղում կառուցվում է գիշերային լուսավորության ցանց

Գեղարքունիք գյուղում կառուցվում է գիշերային լուսավորության ցանց

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Գեղարքունիք գյուղում ՀՀ կառավարության կողմից  իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են գիշերային լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները։

Գեղարքունիք գյուղի գիշերային լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 10 միլիոն 61 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է գիշերային լուսավորության ցանց կառուցել Գեղարքունիք գյուղի Դեմիրճյան, Գարեգին Նժդեհի, Մելքոնյան, Պարույր Սևակ, Ավետիսյան, Զորավար Անդրանիկ փողոցների առանձին նրբանցքներում ու փակուղիներում, շուրջ 2700 գծամետր երկարությամբ ԼԵԴ համակարգով։ Տեղադրվելու է 74 լուսատու։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հունիսից և կավարտվեն առաջիկա մեկ-երկու ամիսների ընթացքում։ 2023 թվականի հուլիսի վերջին օրվա դրությամբ տեղադրվել են բոլոր 74 հենասյուները։