Առանց արդյունաբերության զարգացման միջնաժամկետ հեռանկարում Հայաստանում լուրջ տնտեսական աճ ակնկալելու հարկ չկա․ Տնտեսագետ

Առանց արդյունաբերության զարգացման միջնաժամկետ հեռանկարում Հայաստանում լուրջ տնտեսական աճ ակնկալելու հարկ չկա․ Տնտեսագետ

Հայաստանում, գործնականում, բացակայում է բարձր ավելացված արժեք ունեցող արդյունաբերության զարգացմանն ուղղված քաղաքականությունը։ Այդ մասին են վկայում, ըստ էության, ինչպես ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, այնպես էլ հայրենական խոշոր հարկատուների ցանկը։ ԱրմԻնֆո-ի հետ հարցազրույցում նման տեսակետ է հայտնել տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը:

Նա ընդգծել է, որ 2023 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում տնտեսական աճի ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ փոքր-ինչ նվազել են։ Մինչդեռ, բանկային և շինարարական ոլորտների համեմատ արդյունաբերությունը շատ դանդաղ է աճում, որի աճը հունվար-հունիսին կազմել է ընդամենը 1 տոկոս, ինչը տնտեսական ակտիվության ընդհանուր աճի ֆոնին շատ ցածր ցուցանիշ է: Մինչդեռ, տնտեսության աճի առանցքային գործոնը հենց արդյունաբերությունն է։ Չեն կարող չանհանգստացնել նաև արտահանման ծավալները։ Վերջերս ներկայացվել են պետբյուջեի կատարողականի վերաբերյալ տվյալներ, որոնց համաջձայն, պետբյուջեի եկամտային մասն աճել է շուրջ 20 տոկոսով։ "Ես այդ կապակցությամբ հատուկ ուշադրություն եմ դարձնում երկրի խոշորագույն հարկատուների առաջին հնգյակին։ Հինգ խոշոր հարկատուներից միայն մեկն է արտադրում է պատրաստի արտադրանք՝ "Գրանդ տաբակը"։ Մնացած բոլորը՝ "Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, "Գազպրոմ Արմենիան", Ամերիաբանկը և Արդշինբանկը կամ արտահանում են հումք, կամ՝ ներկրում, կամ ծառայություններ են մատուցում, ինչը խոսում է տնտեսության կառուցվածքի հետ կապված խնդիրների մասին", - նշել է տնտեսագետը։

Նա ընդգծել է, որ "ԶՊՄԿ" ՓԲԸ-ի հատկացումները պետական գանձարան կազմել են 34,8 մլրդ դրամ, ինչը 66,8 տոկոսով զիջում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշներին: Անդրադառնալով "ԶՊՄԿ" ընկերության տվյալներին' Թավադյանը նշել է, որ ձեռնարկության կողմից հարկային հատկացումների նվազումը պայմանավորված է երկու հիմնական գործոնով: Դա բարձր գների պայմաններում խտանյութի արտահանման համար կառավարության կողմից սահմանված, այսպես կոչված, լրացուցիչ հարկի գործողության դադարեցումն է, ինչը 2,5 անգամ ավելացրել է բյուջե կատարվող հարկային հատկացումները։ Երկրորդ կարեւոր գործոնը, ինչպես նշել են ընկերությունում, հայկական դրամի փոխարժեքի էական (25 տոկոսով) ամրապնդումն է։ Այդուհանդերձ, այսօր ձեռնարկությունում մշակվել է խոշոր ներդրումային և տեխնոլոգիական ծրագիր, որը թույլ կտա առաջիկա տարիներին ԶՊՄԿ-ի արտադրությունը տարեկան միջինը 22 մլն տոննայից հասցնել 40 մլն տոննա խտանյութի: Եվ այս առումով պրոֆեսորը կարևորել է պատրաստի արտադրանքի արտահանումը, այլ ոչ թե՝ հանքաքարի խտանյութի։

"Գազպրոմ Արմենիան", ինչպես վճարել է նախորդ տարվա առաջին կիսամյակում, այնպես էլ շարունակել է ընթացիկ տարում մոտավորապես նույն գումարի վճարումները (30,6 մլրդ դրամ՝ տարեկան 7,6% անկմամբ): Բայց պետք է նկատի ունենալ, որ դրա հիմնական սպառողը բնակչությունն է, որի միջոցները 16 տոկոս ԱԱՀ-ի տեսքով ինքնըստինքյան ուղղվում են պետբյուջե։ Ստացվում է, որ հենց ընկերության ծառայություններից օգտվող բնակչությունն է երկրի պետական բյուջեի համալրման հիմնական շարժիչ ուժը,  այլ ոչ թե՝ արդյունաբերությունը:

Երրորդ տեղում է "Գրանդ Տաբակը", որը բավականին ակտիվ աշխատում է արտահանման ուղղությամբ։ Ընկերությունը պետական գանձարան է վճարել 20,2 մլրդ դրամ՝ պետական գանձարանին հատկացումներն ավելացնելով 1% - ով։

Հետաքրքրական է այս ֆոնին երկրի երկու առեւտրային բանկերի հատկացումների կտրուկ աճը: Մասնավորապես, Ամերիաբանկը պետբյուջե է ուղղել 19,8 մլրդ դրամ, ինչն ավելի քան 4 անգամ գերազանցում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշը: Առաջատարների հնգյակը եզրափակում է Արդշինբանկը՝ պետբյուջե վճարելով 18,9 մլրդ դրամ (տարեկան ավելի քան 5 անգամ աճով): Ինչպես կարծում է տնտեսագետը, առևտրային բանկերի կողմից պետբյուջե կատարվող մասհանումների նման էական աճը տեղի է ունեցել ռելոկանտների ներհոսքի և փոխանցումների զգալի աճի հաշվին: Սակայն, այս առնչությամբ Թավադյանը նշել է այնպիսի խնդրի առկայությունը, ինչպեիս՝ "թանկ" փողերը։ Չնայած արտասահմանից ֆինանսական միջոցների զգալի ներհոսքին՝ "թանկ" փողերի քաղաքականությունը չի փոխվում։ Երկրում գնաճը, ըստ պաշտոնական տվյալների (հունիս ամսվա 0,5%), ամենացածրերից է ոչ միայն ԵԱՏՄ տարածաշրջանում, այլև Եվրոպայում, բայց, միևնույն ժամանակ, վերաֆինանսավորման տոկոսադրույքը բավականին բարձր է՝ 10,75%: "Այն պայմաններում, երբ արտահանվում է միայն հանքաքար, իսկ բանկերում պահպանվում են բարձր տոկոսադրույքները, շատ դժվար է զարգացնել արդյունաբերությունը։ Արդյունքում՝ արդյունաբերության զարգացման առումով տեղում դոփում ենք։ Այդ պատճառով միջնաժամկետ հեռանկարում լուրջ տնտեսական աճ ակնկալելու հարկ չկա։ Մեր երկիրը նման է փոքրիկ նավակի, որի շարժման ուղղությունը կախված է արտաքին քամիներից, ուր փչի՝ այնտեղ էլ լողալու ենք։ Հարցը ինչպես նավի, այնպես էլ դրա շարժիչի նյութականացումն է, իսկ դրա համար անհրաժեշտ է մենեջերների ողջ թիմի որակավորման բարձրացում, հակառակ դեպքում՝ մեզ լուրջ խնդիրներ են սպասվում", - նշել է տնտեսագետը։

Նա նշել է, որ երկիրը պետք է ակտիվորեն ներգրավվի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների արդյունաբերական կոոպերացիայի նախագծում, որը մտնում է գործնական հարթություն: Տնտեսագետը նկատել է, որ պատրաստի արտադրանքի արտադրության հնարավորություններով նոր ՀՁ-ների ստեղծումը անխուսափելիորեն կհանգեցնի աշխատատեղերի թվի աճի: "Իհարկե, հայկական արտադրանքի արտահանման մեծ մասի կողմնորոշումը դեպի ռուսական շուկա որոշակի ռիսկեր է պարունակում, սակայն նման ՀՁ-ների ստեղծումը թույլ կտա չեզոքացնել Հայաստանի նկատմամբ արեւմտյան երկրորդային պատժամիջոցների հնարավորությունները: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ երկրում գործազրկության մակարդակը կազմում է 14%, սակայն փորձագիտական հանրության տվյալներով ՝ այդ ցուցանիշը հասնում է 20%-ի։ Անհրաժեշտ է նախաձեռնություն ցուցաբերել, որպեսզի դրամական միջոցների հոսքերը գնան այս նպատակին հասնելու համար: Ոչ պակաս կարեւոր է գրագետ հարկային քաղաքականության եւ զարգացումը խթանող դրամավարկային քաղաքականության իրականացումը, որը կլուծի նաեւ ֆինանսական կայունության խնդիրը", - ընդգծել է Թավադյանը։

Իհարկե, ինչպես կարծում է պրոֆեսորը, ներկայումս, հատկապես դեպի ՌԴ հայկական արտադրանքի արտահանման կտրուկ աճի ֆոնին, երկրորդային պատժամիջոցների ռիսկերը բավականին մեծ են, եւ այդ պատճառով անհրաժեշտ է զգուշություն ցուցաբերել, միեւնույն ժամանակ, "արեւմտյան գործընկերներին բացատրել ԵԱՏՄ նախագծերին Հայաստանի մասնակցության շահավետությունը": Նրա խոսքով, Հայաստանը հնարավորություն ունի էներգառեսուրսներ ստանալ համեմատաբար արտոնյալ գներով, բացի այդ, ԵԱՏՄ շուրջ պայմանագրի չորրորդ հոդվածը սահմանում է անձանց, ապրանքների, կապիտալի եւ ծառայությունների ազատ տեղաշարժի մասին, եւ եթե այդ ուղղություններից թեկուզ մեկը փակվի, Հայաստանը կբախվի շատ ավելի մեծ խնդիրների:

"Իհարկե, ԵԱՏՄ-ն ունի իր դրական և բացասական կողմերը, բայց հարցերը լուծվում են, ընդ որում ՝ ամենաբարձր մակարդակով։ Հավաքվում են պետությունների ղեկավարները և ինչ-որ բան են որոշում  վարչական կարգով։ Ես այդ եղանակի կողմնակից չեմ, որը հաճախ անարդյունավետ է լինում, բայց երբեմն այն թույլ է տալիս խուսափել ԵԱՏՄ գործընկերների հետ խնդիրներից", - հայտարարել է փորձագետը ՝ կարևորելով աշխատանքը նաև այլ շուկաներում։ Հարցի լուծումը չհետաձգելով անորոշ ժամանակով՝ անհրաժեշտ է զբաղվել մարքեթինգային աշխատանքներով՝ դրանով իսկ խթանելով երկրի տնտեսության տարբեր ոլորտների զարգացումը, եզրափակել է պրոֆեսորը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարությունը նորմատիվ իրավական ակտերի նախագծերի դաշնային պորտալում ներկայացրել է ԵԱՏՄ մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Արտակ Քամալյանը պարզաբանել է, որ խոսքը արդյունաբերական կոոպերացիայի նախագծերի ֆինանսավորման մեխանիզմների ստեղծման մասին է: Այդ փոփոխությունները համաձայնեցվել են ԵԱՏՄ պետությունների ղեկավարների կողմից՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի մայիսի 25-ի նիստում: Նախատեսվում է, մասնավորապես, սուբսիդավորել վարկերի տոկոսադրույքները՝ միության երկրների տնտեսությունների իրական հատվածում հեռանկարային նախագծերի իրականացման համար։ Նման նախագծերին պետք է մասնակցեն ԵԱՏՄ առնվազն երեք երկրների ընկերություններ։ Նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմը նախատեսված է հինգ տարվա համար՝ այն երկարաձգելու հնարավորությամբ։ "Հաջորդ տարվանից մենք կկարողանանք բանկերին սուբսիդավորել տրամադրված վարկերի տոկոսադրույքների մի մասը", - նշում է Արտակ Քամալյանը: Նրա խոսքով ՝ ծրագրի բյուջեն հինգ տարվա ընթացքում կկազմի տարեկան մոտ 20 մլն դոլար, ինչը թույլ կտա ֆինանսավորել մինչեւ 1 մլրդ դոլար ընդհանուր արժեքով նախագծեր: Ֆինանսավորումը կիրականացվի ԵՏՀ-ի կողմից, այդ նպատակով կստեղծվի հատուկ հիմնադրամ, որը կհամալրվի մաքսային մասհանումներից։

Նշենք, որ ըստ Վիճակագրական կոմիտեի նախնական տվյալների ՝ Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2023թ. առաջին կիսամյակում դանդաղել է մինչև 11,4% տարեկան (2022թ. առաջին կիսամյակի 11,8% - ից), ընդ որում, նկատելիորեն գերազանցելով 2019թ. առաջին կիսամյակում 6,5% նախաքովիդյան վերընթաց տեմպը։ Դա սկսում է ազդել արտահանման և ներմուծման տեմպերի վրա։ Ս. թ. հունիսին 2022 թվականի հունիսի համեմատ տնտեսական ակտիվության աճը դանդաղել է մինչև 6,8% (մեկ տարի առաջվա 18,5% - ից ՝ 2019 թվականի 3,4% աճի դիմաց), ընդ որում, միայն 2023 թվականի հունիսին աճի մինչև 9,9% զուսպ արագացմամբ՝ մայիսի 7,4%-ից (2022 թվականի հունիսի աճի ավելի տեսանելի արագացման՝ 6,1% - ից մինչև 17%, և 2019 թվականի հունիսի 8,4% - ից մինչև 8,2% անշան դանդաղման դիմաց): 2023թ. առաջին կիսամյակում տնտեսական ակտիվության աճը ավելի մեծ չափով պայմանավորել է առևտրի ոլորտը՝ 23,6%, մի փոքր ավելի պակաս՝ շինարարության հատվածը՝ 17%-ով, և ծառայությունների ոլորտը՝ 16,8% - ով, ինչին զուգընթաց դիտվել է արդյունաբերական հատվածի աճի արգելակում մինչև 1%, և ագրոհատվածի 2% աճ, իսկ էներգահամալիրը երկնիշ աճից հասել է  2,7% անկման։

Աղբյուրը՝   finport.am