Բաբկեն Սեդրակյանը Իսպանիայում հանդիպել է «Իտելազպի» ընկերության տնօրինության հետ

Բաբկեն Սեդրակյանը  Իսպանիայում հանդիպել է «Իտելազպի» ընկերության տնօրինության հետ

Իսպանիայում շարունակվում է Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանի աշխատանքային այցը։ Այս մասնի տեղեկացնում է Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը։

Այցի ընթացքում Բաբկեն Սեդրակյանը հանդիպում է ունեցել Բասկերի երկրի, տարածաշրջանային կապի ցանցի խոշորագույն օպերատոր «Իտելազպի» ընկերության տնօրինության հետ։

Ընկերությունն ապահովում է Բիլբաոյի մետրոպոլիտենի կապի և ենթակառուցվածքների, տրանսպորտի և կապի օբյեկտների, տեղեկատվայնացման, տեղեկատվական անվտանգության բարձր որակն ու դրանով իսկ լուծում անվտանգային մի շարք հարցեր ու խնդիրներ։

Շնորհակալություն հայտնելով հանդիպումը ջերմ և անմիջական մթնոլորտում կազմակերպելու համար՝ Բաբկեն Սեդրակյանը նշել է, որ այցը թեև ճանաչողական էր, սակայն գործընկերների հետ արդեն հասցրել են հստակեցնել փոխգործակցության հարցերի շրջանակը:

Նրա խոսքով՝ կողմերի միջև առկա է փոխադարձ պատրաստակամություն՝ բարձր մակարդակով շարունակելու համատեղ աշխատանքը օրինակելի փորձը կիրառելու նաև Երևանի մետրոպոլիտենում։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվ կապ պահպանել մեկնարկած քննարկումները շարունակելու և գործնական քայլեր ձեռնարկելու վերաբերյալ։