Հիմնանորոգվում է Մարտունի քաղաքի Կարապետյան փողոցը

Հիմնանորոգվում է Մարտունի քաղաքի Կարապետյան փողոցը

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող  սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում սկսվել և ընթանում են Կարապետյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները։

Մարտունու Կարապետյան փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 90 միլիոն 916 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսվում է փողոցի երթևեկելի մասի ասֆալտապատում՝ 1100 գծամետր երկարությամբ և շուրջ 6700 քառակուսի մետր մակերեսով։ Սուբվենցիոն մեկ այլ ծրագրով, որը տեղափոխվել է 2022 թվականից, Կարապետյան փողոցում իրականացվում են երկկողմանի մայթերի սալարկման աշխատանքներ, որոնք 2023 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ ավարտված են շուրջ 80 տոկոսով։ Իսկ Կարապետյան փողոցի երթևեկելի մասում առայժմ ընթանում են հողային աշխատանքներ, որոնց կհաջորդեն հիմքի տեղադրման ու ասֆալտապատման աշխատանքները։ Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտի հասցնել 2023 թվականի նոյեմբերի 30-ին։

Կարապետյան փողոցն իր պատմության ընթացքում ասֆալտապատվում է առաջին անգամ։