Վարդենիս քաղաքի «Բանդեր» թաղամասում արդիականացվում է խմելու ջրամատակարարման ցանցը

Վարդենիս քաղաքի «Բանդեր» թաղամասում արդիականացվում է խմելու ջրամատակարարման ցանցը

Արդեն երկու շաբաթ է, ինչ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի «Բանդեր» թաղամասում «Վեոլիա Ջուր» ընկերության սեփական միջոցներով ընթանում են խմելու ջրի մատակարարման ցանցի աշխատանքները։ Շինարարակական աշխատանքները հնարավոր դարձան այն բանից հետո, երբ Վարդենիսի համայնքապետարանի որոշմամբ Վարդենիս քաղաքի խմելու ջրի մատակարարման համակարգն ամբողջությամբ հանձնվեց «Վեոլիա Ջուր» ընկերության կառավարմանը։ Որոշումից անմիջապես հետո ընկերությունը 96 միլիոն դրամի ներդրում կատարեց՝ քաղաքի խնդրահարույց   «Բանդեր»  թաղամասում ջրամատակարարման ցանցի արդիականացման համար:

«Թաղամասը սնող հին ու քայքայված թուջե, մետաղական ջրագծերն անցնում էին ոռոգման առուների միջով, որը շահագործելը ոչ միայն բարդ էր, այլև՝ վտանգավոր: Դրա համար «Վարդենիս» շահագործման տեղամասը հաճախակի գրանցվող վթարների դեպքում աշխատանքներն իրականացնում է բարդ պայմաններում՝ առանց ջրանջատման՝ խուսափելով համաճարակային իրավիճակի ստեղծումից: 11 փողոց ներառող «Բանդեր»  թաղամասի 800 բաժանորդի համար «Վարդենիս» տեղամասն արդեն սկսել է 3350 գծամետր նոր ջրագծի և մուտքագծերի կառուցման աշխատանքները: Դրանից հետո բաժանորդների ջրաչափերը կտեղափոխվեն սահմանազատման կետում կառուցված ջրաչափական հորեր:

Ամենաբարդ՝ ճահճուտային հատվածը մասնագետներն արդեն անցել են՝ կառուցելով 1000 մետր ջրագիծ: Ձմռան ամիսներին սառցակալումից խուսափելու համար ջրագծերը կառուցվում են 1,5 մետր խորության վրա՝ պահպանելով շինարարական բոլոր նորմերը:

Աշխատանքի ավարտին կապահովվի որակյալ, անխափան, համապատասխան ճնշմամբ ջրամատակարարում, ինչը թույլ կտա սպառողներին հրաժարվել անհատական պոմպերից: Բացի դրանից, հնարավոր կլինի տնտեսել վայրկյանում 50-60 լիտր ջուր, որն էլ կուղղվի Վարդենիս քաղաքի բաշխիչ ցանց»,-ներկայացրեց Սպարտակ Մկրտչյանը: