Բուժականի դպրոցում տեղադրվել է արևային կայան

Բուժականի դպրոցում տեղադրվել է արևային կայան
Կոտայքի մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանը, Կոտայքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանը ներկա են գտնվել Բուժական բնակավայրի Գեղամ Ղարիբյանի անվան միջնակարգ դպրոցում տեղադրված արևային կայանի հանդիսավոր բացման արարողությանը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Լիտվայի նորանշանակ դեսպան Անդրիուս Պուլոկասը, Լիտվայի արևային էներգիայի ասոցիացիայի նախագահ Վիտաս Մաչիուլիսը, «Solet Technics» ընկերության վաճառքի տնօրեն Թոմաս Ռիդիկասը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախարարի խորհրդական Արամ Մելքոնյանը, ինչպես նաև «Օհմ Էներջի» ընկերության ներկայացուցիչները՝ ֆինանսական տնօրեն Հրանտ Գնունու գլխավորությամբ։
Ծրագիրն իրականացվել է Հայաստանում կրթության որակի բարձրացման նպատակով՝ «Օհմ Էներջի» ընկերության, Լիտվայի կառավարության, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ և Կոտայքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության հետ համագործակցության արդյունքում:
 
Բարեգործական ծրագրի շրջանակում ՀՀ 𝟏𝟗 կրթական հաստատությունում տեղադրվել է արևային կայան՝ 𝟗𝟎% լիտվական ֆինանսավորմամբ։
Այս տարի արդեն տեղադրվել է 𝟒𝟔𝟔 կՎտ հզորությամբ արևային կայան՝ ապահովելով տարեկան մոտ 𝟑𝟓,𝟎𝟎𝟎,𝟎𝟎𝟎 ՀՀ դրամի խնայողություն, որն իր հերթին կրճատում է 𝐂𝐎𝟐-ի արտանետումները 𝟑𝟏𝟓 տոննա/տարի։